AM
2 Մայիս 2013 - 11:52 AMT

ԱԺ-ում ավելի խիստ կլինեն բացակայող պատգամավորների հանդեպ. առանց բացառությունների

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ոչ թե բարկացել է, այլ պատգամավորներին հիշեցրել է, որ «պարտավոր են մասնակցել Ազգային ժողովի նիստերին»: Լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանն այսպես պարզաբանեց ԱԺ դահլիճում ավելի վաղ կատարվածը:

Նշենք, որ օրինագծերի քվեարկության ավարտին պատգամավորներից շատերը (այդ թվում` ՀՀԿ ու ԲՀԿ պատգամավորները), չսպասելով ԱԺ նախագահի խոսքի ավարտին, դուրս եկան դահլիճից. պատգամավորների այդ պահվածքն արժանացավ Աբրահամյանի նկատողությանը:

«Պատգամավորների մեծ մասն ընդգրկված են քարոզարշավում: Քանի որ այն արդեն մոտենում է ավարտին, մենք այս անգամ էլ ներողամիտ կլինենք, բայց հաջորդ նիստերին ինչ պայմանավորվել ենք, իրագործելու եմ»,- անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների նախորդող քարոզարշավի ընթացքում պատգամավորների բացակայությունների, ասաց նա: Աբրահամյանը նշեց նաև, որ այսօրվանից նիստերին չմասնակցող պատգամավորների անունները լինելու են ԱԺ կայքում:

Ինչպես նշեց Աբրահամյանը, անունների հրապարակումից բացի բացակայող պատգամավորները կզրկվեն աշխատավարձից, չեն ընդգրկվի պատվիրակությունների կազմում ու չեն մեկնի գործուղումների: «Անկախ անունից ու ազգանունից, ով չմասնակցի, չի ստանա»,- պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք աշխատավարձից կզրկվի նիստերին չմասնակցող Գագիկ Ծառուկյանը, ասաց Աբրահամյանը: