AM
2 Մայիս 2013 - 12:22 AMT

Ադրբեջանում նախագահական ընտությունները կարող են հետաձգվել կամ ընդհանրապես չկայանալ

Ադրբեջանի խորհրդարանը երկրի Ընտրական օրեսգրքում ուղղումներ է մտցրել, որոնք ենթադրում են առաջիկա նախագահական ընտրությունների հայտարարված ժամկետի փոփոխություն: Այս մասին գրում է contact.az լրատվական կայքը:

Ադրբեջանում հերթական նախագահական ընտրությունները նշանակվել էին 2013 թ-ի հոկտեմբերի 16-ին, բայց մահմեդական «Գուրբան բայրամ» տոնի հետ կապված` այս տարի հոկտեմբերի 15-16-ը ոչ աշխատանքային օրեր են համարվում: Այդ պատճառով, որոշվել է ուղղում մտցնել ընտրական օրենսդրության մեջ: Այժմ, եթե ընտրությունների անցկացումն ընկնում է տոնական ոչ աշխատանքային օր, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկությունը տեղափոխում է ամսվա այլ օր: Ուղղումն ուժի մեջ կմտնի Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրվելուց և մամուլում հրապարակվելուց հետո:

Օրենսդրական նախագծում չի ճշտվում, թե քանի օրով կարող են տեղափոխվել ընտրությունները: Ադրբեջանի «Իրավունք և զարգացում» կենտրոնի ղեկավար Հաֆիզ Հասանովի կարծիքով` ընտրությունները պետք է տեղափոխվեն ավելի ուշ ժամկետ: Ուշագրավ է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ուղղում է մտցվել նաև այն մասին, որ ընտրությունները կարող են հետաձգվել կապված ռազմական գործողությունների հետ: