Գերմանիայի ձախակողմյան կուսակցույթան մարդու իրավունքների մասով փորձագետները շտապ հաղորդագրություն են ուղարկել ադրբեջանական haqqin.az կայքի ղեկավարությանը և լրագրող Էյնուլլա Ֆատուլլաևին: Այս մասին գրում է կայքն ու նշում. «Գերմանիայում հակաադրբեջանական արշավի նախաձեռնողներից մեկի, Բունդեստագի հայամետ պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի նախաձեռնությամբ Բունդեստագում և գերմանական առաջատար լրատվամիջոցներում ադրբեջանցի լրագրողի մասին հատուկ փաստաթուղթ է տարածվել:
Գերմանիայի կառավարող կոալիցիայի պատրաստած փաստաթղթում նշված է, որ Էյնուլլա Ֆատուլլաևը հետազոտություն է իրականացնում Գերմանիայում մարդու իրավունքների խախտումների մասին այն ժամանակ, երբ Ադրբեջանում ընդդիմադիր և անկախ լրագրողները ճնշումների են ենթարկվում: Ադրբեջանցի լրագրողը Գերմանիայում նման փաստեր է հավաքում` հանձնարարություն ունենալով ճնշում գործադրել ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին զեկույց պատրաստող Բունդեստագի պատգամավոր Շտրասսերի վրա»:
Այս փաստաթղթի պատրաստմանը մասնակցել են նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գերմանական ճյուղի փորձագետները, որոնք, ըստ haqqin.az-ի սերտ գործակցում են Անգելա Մերկելի վարչակազմի հետ: Փաստաթղթում կոչ կա` ուղղված Գերմանիայի քաղաքական-հասարակական կազմակերպություններին`Է. Ֆատուլլաևի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին:
Այս պահին ադրբեջանցի լրագրողը պատրաստում է պատասխան դիմում` ուղղված Գերմանիայի քաղաքացիներին:






