Մեր երկրում դժգոհությունները շատ մեծ են և ամենուր են, սակայն սոցիալական բունտ Հայաստանում չի լինի, քանի որ դրա կազմակերպողն այսօր չկա, նման կարծիքի է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետի կարծիքը, թե երկրում մեծ բունտ չի լինի կիսում է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար: Կառավարության ծրագիրը փորձել է հնարավորինս մոբիլիզացնել հնարավորությունները և լուրջ արդյունքի հասնել, և դա անելու է համակարգային բարփեփոխումների միջոցով»,- ասյօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորրը:
Անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, նա նշեց, որ խնդիրն ունի թե քաղաքական և թե սոցիալական բաղադրիչ: «Այնպես չէ, որ ռուսական գազի գնի բարձրացման պատճառը Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքն է Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Դա մանկամիտ մոտեցում է: Ակնհայտ է, որ Ռուսաստանը երբեք էլ չի թաքցրել իր ազդեցությունը տարածաշրջանում: Հայաստանը պետք է շատ արագ մշակի վերականգնող էներգետիկայի օգտագործման հնարավորությունը»,- ասաց Խոսրով Հարությունյանը: Նա ընդգծեց, որ գազի գնի բարձրացումը բերելու է ապրանքատեսակների գների բարձրացման, ինչը բարդ իրավիճակ է ստեղծելու. «Այն նույնիսկ կարող է հանգեցնել տնտեսական անկման»:
Ալեքսանդր Իսկանդարյանն էլ արձանագրում է, որ Ռուսաստանը գազի գինը բարձրացրել է ոչ միայն Հայաստանի համար, ընդհակառակը, Հայաստանը բավական երկար ժամանակ անփոփոխ պահեց այդ գինը: «Գազի գնի անփոփոխությունը հավերժ չի կարող լինել: Հայ-ռուսական հարաբերություններն ուժեղանում են անվտանգության առումով, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող մի ձեռքով վնասել, մյուսով օգնել»,- ասաց քաղաքագետը:






