AM
17 Մայիս 2013 - 12:40 AMT

Ռուսական գազին այլընտրանք կարող է ծառայել իրանական գազը

Իրանական գազը այլընտրանք կարող է ծառայել ռուսականին, գտնում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Իրանում ուրախ կլինեն ավելացնել Հայաստան առաքվող գազի ծավալները, քանի որ նրանք դժվարություններ ունեն պատժամիջոցների պատճառով»,-ասել է նա: Նա հավելել է, որ Իրանից ավելի մեծ ծավալի գազի ներկրումն իրատեսական է, սակայն դա քաղաքական հարց է:

Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, որը կարող է տարեկան 2,3 մլրդ խմ բնական գազով ապահովել Հայաստանին, պետք է համարել ՀՀ ամենամեծ նվաճումներից մեկը էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Այսօր, երբ Վրաստանով անցնող գազատարը նորմալ գործում է, Հայաստանը իրանական գազի կարիքը չի զգում, իսկ իրանական գազամուղով մատակարարվող գազը օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, որն արտահանվում է Իրան: Ֆորսմաժորային իրավիճակներում, կապված Ռուսաստանից գազի առաքման հնարավոր դադարեցման հետ, Իրան-Հայաստան գազամուղը կկարողանա ապահովել հայկական տնտեսության կայունությունը: Այսպիսով իրանական գազը այլընտրանք չի հանդիսանում ռուսականին, քանի դեռ ռուսական գազը կանոնավոր կերպով առաքվում է Հայաստան:

Գագիկ Մակարյանը հայտարարեց նաև, որ Գործատուների հանրապետական միությունը մտադիր է ակտիվ մասնակցել «ՀայՌուսգազարդի» հայտի քննարկմանը, պարզելու համար թե արդյոք այն չափազանցված չէ: Ըստ մասնագետի, գազի սակագնի բարձրացումը հատկապես կանդրադառնա ՓՄՁ-ների վրա, որոնցից շատերը, չդիմանալով, կարող են փակվել, կաճի գործազրկությունը, կշարունակվի արտագաղթը»,-ասել է նա:

Գագիկ Մակարյանը գտնում է նաև, որ գազի սակագնի վերանայումը պայմանավորված է նաև «ՀայՌուսգազարդի» «շռայլ ծախսերով»՝ բարձր աշխատավարձերով, 30-35 տոկոս շահութաբերությամբ:

Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը մի մասը սուբսիդավորելու մասին, ապա Մակարյանին հետաքրքրում է, թե ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը: Գազի թանկացման դեպքում բյուջեն լրացուցիչ կստանա 50-60 մլն դոլար, բայց կառավարությունը դրա միայն մի փոքր մասն է ուղղում սոցիալական շերտերի աջակցությանը: