AM
21 Մայիս 2013 - 12:24 AMT

Արարատբանկը հայտարարել է 1 մլն դոլարի արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման մասին

Մայիսի 21-ին «Արարատբանկ» ԲԲԸ-ն հայտարարել է արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Ինչպես հայտարարել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2-րդ թողարկման ծավալը կկազմի 1 մլն դոլար:

Բաժանորդագրման միջոցով մայիսի 23-ից հունիսի 13-ը կտեղաբաշխվի 40 000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ յուրաքանչյուրը 25 դոլար անվանական արժեքով, 8,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով, 36 ամիս շրջանառության ժամկետով:

Հարությունյանը հավելել է, որ պարտատոմսերը ցուցակվելու են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում, իսկ որպես գնանշող հանդես կգա «Ռենեսա» ներդրումային ընկերությունը:

«Պարտատոմսերի տեղաբաշխումից առաջացած միջոցները կուղղվեն տնտեսության վարկավորմանը»,-ասել է բանկի գործադիր տնօրենի տեղակալը

Առաջին թողարկման ժամանակ 2012թ. հոկտեմբերին տեղաբաշխվել էր 40 հազար պարտատոմս յուրաքանչյուրը 25 դոլար անվանական արժեքով 1 մլն դոլար ընդհանուր գումարով, 8,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով և մարման եռամյա ժամկետով: