AM
28 January 2003 - 14:45 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԳՈՐԾՈՆ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

Հայաստանի բանակը մեր ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքն է եւ տարածաշրջանի կայունության անփոխարինելի գործոնը: Այս մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձում` Հայոց բանակի Օրվա առթիվ: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Հայոց բանակը ձեւավորվել է Արցախյան ազատամարտի ինքնապաշտպանական ջոկատների հենքի վրա, եւ պատվով է հանձնել ժամանակի քննությունը: «Այսօր Հայաստանի Զինված ուժերը հստակորեն կատարում են իրենց առաքելությունը` իրականացնում են Հայրենիքի սահմանների եւ խաղաղության պաշտպանությունը»,- ասվում է ուղերձում: Այնտեղ նշվում է նաեւ, որ տարեցտարի բարձրանում է հայոց բանակի մարտունակությունը եւ տեխնիկական հագեցվածությունը, ինչն արդյունք է հայ զինծառայողների անձնվեր աշխատանքի եւ իշխանությունների ամենօրյա ուշադրության: