AM
23 Մայիս 2013 - 09:09 AMT

Ազգային ժողովը հաստատեց Կառավարության գործունեության ծրագիրը

Այսօր ՀՀ ԱԺ նիստում ընդունվեց Կառավարության գործունեության ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեց 76, դեմ` 41 պատգամավոր, ձեռնպահ քվեարկողներ չեղան:

Ծրագրին դեմ քվեարկեցին «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

Հիշեցնենք, որ Կառավարության ծրագիրը քննարկվում էր այս երկուշաբթի մեկնարկած ԱԺ քառօրյայում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ծրագիրը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության, ՀՀ նախագահի, Հայաստանի Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև` խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացված նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները։

Վարչապետը նշել էր, որ երեք կարևոր խնդիրները, որոնք առաջնային լուծում պետք է ստանան արտագաղթն է, գործազրկությունն ու աղքատությունը:

«Սա հեղափոխություն է, որը մենք կիրականացնենք ոչ թե հրապարակներում, փողոցներում, այլ մեր մտածելակերպում: Այս ծրագիրը մեծ ծավալի աշխատանք է ենթադրում, երբեմն ցավալի որոշումներով և ոչ ակնառու արդյունքներով, մենք ակնկալում ենք ընդդիմության և այլընտրանքային քաղաքական ուժերի, քաղաքացիական հասրակաության և պետության ապագայով մտահոգ յուրաքանչյուր մարդու աջակցությունը»,- ընդգծել էր Կառավարության ղեկավարը: Նա խոստացել էր նվիրական և քրտնաջան աշխատանք կատարել: