Երեկ ԱԺ-ում գազի գնի շուրջ լսումների ժամանակ մի սենսացիոն տեղեկություն է պարզվել: Այս մասին այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հայատարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտին կցված պայմանագիր, որն ուժի մեջ է մտել դեռ ապրիլի 1-ից:
«Եթե գազի նոր գնի վերաբերյալ պայմանագիրը գործում է ապրիլի 1-ից, ուրեմն այն ստորագրվել է առնվազն մինչև ապրիլի 1-ը: Փաստորեն, մեր իշխանություննները հասարակությունից թաքցրել են, որ գազի գնի բարձրացման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Մայիսի 5-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ, մենք ենթադրում ենք, որ այդ ինֆորմացիային իշխանություններիը տիրապետել են դեռ նախագահական ընտրություններից առաջ, լուրջ հիմքեր կան կարծելու, որ Ռուսաստանի հետ գազի նոր գինը համաձայնեցրել են ավելի վաղ` նախորդ տարվա աշնանը»,- հայտարարեց նա:
Լևոն Զուրաբյանը նկատեց, որ եթե այդ մասին հայտնեին ընտրություններից առաջ, ապա դա լուրջ ազդեցություն կունենար: Նա կարծում է, որ սա մախինացիա է, որի համար իշխանությունը պետք է պատասխան տա. «Գազի գինը թաքցնելը նշանակում է, որ Հայաստանի նախագահական և ավագանու ընտրությունները պետք է նորից անցկացվեն, քանի որ դրանք հիմնված են եղել կեղծիքի վրա: Իշխանությունները մանիպուլյացիայի են ենթարկել հասարակությանը` այդ ինֆորմացիան թաքցնելով նրանից»:






