AM
24 May 2013 - 13:54 AMT

IFC-ն և ՍԱԶԲ -ը կֆինանսավորեն մրգային հյութերի հայկական արտադրողին

Համաշխարհային բանկի անդամ IFC-ն և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) կօժանդակեն Հայաստանում մրգային հյութերի առաջատար արտադրողին՝ օգնելով գյուղական համայնքներին` աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և արտահանման ծավալների ավելացման խնդիրների լուծման հարցում:

IFC-ն կտրամադրի Եվրոթերմին՝ «Նոյան» մրգային հյութերի և պահածոների արտադրողին 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ, իսկ ՍԱԶԲ-ը՝ 2,05 միլիոն եվրոյի վարկ: Եվրոթերմի արտադրության նախատեսված ընդլայնման արդյունքում կավելանան ընկերությանը թարմ միրգ և բանջարեղեն մատակարարող ֆերմերների վաճառքի ծավալները` հատկապես Արմավիրի և Կոտայքի մարզերում: Սա ագրոբիզնեսի ոլորտում IFC-ի առաջին ներդրումն է Հայաստանում:

Բացի ներդրումներից, IFC-ն տրամադրում է Եվրոթերմին նաև խորհրդատվական ծառայություններ՝ օգնելով ներդնել միջազգայիին նորմերին համապատասխան սննդի անվտանգության կառավարման համակարգ: Ակնկալվում է, որ IFC-ի «Սննդի անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում ստացած խորհրդատվության արդյունքում կբարձրանա ընկերության մրցունակությունը, ինչպես նաև վաճառքի և արտահանումների ծավալները: Ծրագրին ֆինանսական օժանդակություն է տրամադրում Ավստրիայի Ֆինանսների նախարարությունը:

Այն պահից, երբ 1995թ. Հայաստանը դարձավ IFC-ի անդամ, IFC-ն ներդրել է 244 մլն. դոլար 40 ծրագրի իրականացման համար արդյունաբերության ողջ տիրույթում, այդ թվում ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն իրականացվում են ծրագրերի միջոցով, որոնք ուղղված են սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներին, ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկային և կանոնակարգման դաշտի պարզեցմանը: