Պաշտոնական Բաքուն «զարմացած է» անցած շաբաթ Սթրասբուրգում կայացած Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի ներկայացուցիչների նիստի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների պահվածքից: Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարության համաձայն, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ադրբեջանական կողմին ամենից շատ վրդովել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որոշումը ղարաբաղյան խնդրի հարցով լսումների ժամանակ առաջինը ելույթ ունենալու վերաբերյալ: Այդպիսով, գտնում են Բաքվում, միջնորդների կողմից տրամադրված տեղեկատվությունը «միակողմանի» էր, եւ նրանք չկարողացան պատասխանել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հայեցակարգային մոտեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հիմնական ուղղությունների մասին հարցերին: Մամլո խոսնակի համաձայն, լսումների մասնակիցներին զարմացրել է նաեւ այն փաստը, որ համանախագահները լքեցին նիստը` չսպասելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների ելույթներին: