AM
30 Մայիս 2013 - 06:48 AMT

Իրաքում պայթյունների հետևանքով մոտ 40 մարդ զոհվել և 100 մարդ վիրավորվել է

Իրաքում երեկ տեղի ունեցած պայթյունների հետևանքով մոտ 40 մարդ զոհվել և 100 մարդ վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը:

Բաղդադի Ջիհադ թաղամասում, որտեղ և շիաներ են ապրում, և սունիներ, մահապարտը պայթեցրել է մեքենան, որի մոտով անցել է հարսանեկան թափորը: Մահացել է 18 մարդ, վիրավորվել`42-ը: Ըստ տեղեկությունների` այդ տարածքում ապրող սունիները սպառնացող գրություններով թռուցիկներ են ստացել, որոնցում նրանց հորդորում են հեռանալ:

Մինչ այդ Բաղդադում պայթյունի արդյունքում զոհվել է 12 մարդ, վիրավորվել` 31-ը, որից հետո շուկայի մոտ էլ պայթել է մեքենա, որը դարձել է 10 մարդու մահվան պատճառ, ահաբեկչության արդյունքում ևս 25 մարդ վիրավորվել է:

Տուժածների և զոհերի թվի մասին տեղեկությունները հայտնել են անանուն ոստիկանական աղբյուրները, որոնք հաստատել են բուժաշխատողները:

Ավելացնենք, որ Իրաքում մայիսի սկզբից ի վեր սպանվել է ավելի քան 500 մարդ, հայտնում է РБК-ն: