Կառավարությունը թղթի վրա ներկայացրեց շատ արդիական և առաջադեմ ծրագիր առաջիկա 5 տարիների համար, սակայն այս կազմով նրան հազիվ թե հաջովի ծրագիրը կյանքի կոչել, վստահ է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Բոլոր 12 նախարարներին պետք է փոխել, ճիշտ է, կարելի է թողնել 4-5-ին, սակայն այս մտածելակերպով նրանք չեն կարող իրականացնել ծրագիրը: Գոնե 4-5 բարեփոխիչ պետք է լինի վարչապետի շուրջ, մեխանիզմը գործի դնելու համար»,-ասել է նա:
Բացի այդ, ինչպես նշել է Մակարյանը, կառավարությունը պետք է արմատապես փոխի իր կառուցվածքն ու կանոնադրությունը, քանի որ նախարարները չեն կատարում իրենց գործառույթները:
2013-2017թթ. կառավարության ծրագիրն ունի 5 հիմնական ուղղություն՝ անվտանգ ու ապահով Հայաստան, աշխատատեղերի ստեղծում արդարացի աշխատավարձով, ազատ ու արդար Հայաստան, մարդկային կապիտալ ու ինստիտուցիոնալ զարգացում:
Նոր փաստաթղթում պահպանված են նախորդ ծրագրի բոլոր թիրախային ցուցանիշները, մասնավորապես, տնտեսական աճը, նվազագույն աշխատավարձի կրկնապատկումը, աղքատութայն նվազումը 8-10 տոկոսով, 100 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակների ու ՀՆԱ կառուցվածքում հարկաբաժնի ավելացումը: Նոր կառավարությունը ձևավորվել է մայիսի 8-ին:






