AM
25 January 2003 - 15:57 AMT

ՁԱԽՈՂՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ` ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵԱՀԿ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկվել է հունվարի 23-ին Սթրասբուգում Եվրախորհրդի նախարարների պատվիրակների ընդլայնված բյուրոյում` ադրբեջանական պատվիրակության պնդմամբ: Ինչպես պարզաբանել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, դրանով իսկ Ադրբեջանը նպատակ է ունեցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը տեղափոխել ԵԽ հարթություն` ակնկալելով այստեղ իր համար առավել բարենպաստ մոտեցումներ: Չնայած ադրբեջանական կողմի ձեռնարկած ջանքերին` թերագնահատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, ԵԽ նախարարների պատվիրակները ընդունել են եզրափակիչ փաստաթուղթ որում արտահայտվում է օժանդակություն` Մինսկի խմբի գործունեությանն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող ուղիղ երկխոսությանը: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԵԽ-ն ջանք չի խնայի բանակցային գործընթացին իր նպաստը բերելու գործում` տարածաշրջանային համագործակցության, վստահության ամրապնդման ձեռքբերման ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ բարենպաստ միջավայր ստեղծելու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Ինչպես նշում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Այս մոտեցումները լիովին համահունչ են Հայաստանի կողմից շարունակաբար արտահայտած դիրքորոշմանը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է ՀՀ արտաքին քաղաքական մոտեցումների կառուցողական բնույթը եւ միջազգային հանրության կողմից դրանց միանշանակ աջակցումը: