«Գազի պաշարները Աբովյանի ԳՍՊ-ում կազմում են 80 մլն խորանարդ մետր, եւ դեռեւս բնակչությանը գազի մատակարարման հարցում սահմանափակումներ չկան»,- հայտարարել է «ԱրմՌոսգազպրոմ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին: Նրա խոսքերով, եթե ռուսական կողմը վերանորոգի գազատարի պայթեցված հատվածը խոստացված ժամկետներում, ապա իրավիճակը կնորմալանա: «Եթե մինչեւ հունվարի 25-26-ը գազի առաքումը չվերականգնվի, մենք արդեն ստիպված կլինենք գնալ սահմանափակումների բնակչությանը գազով մատակարարելու հարցում»,-նշել է Շ.Սարդարյանը:
Հիշեցնենք, որ լույս կիրակի օրվա գիշերը պայթյուններ են տեղի ունեցել Հյուսիսային Օսեթիայի գազամուղի վրա: Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս հիմնական եւ պահուստային ճյուղերում 20-րոպեանոց ընդմիջումներով գործել են 700-800 գրամ տրոտիլի համարժեք ունեցող պայթուցիկ սարքեր: ՌԴ դատախազությունում գտնում են, որ դա դիվերսիա էր: Վրաստանը ռուսական գազն այժմ ստանում է Ադրբեջանի տարածքով, ուր «Գազպրոմը» ավելացրել է առաքումների ծավալը, իսկ Հայաստանը օգտագործում է Աբովյանի ԳՍՊ-ի պաշարները: Տվյալ պահի դրությամբ Մոզդոկ-Թբիլիսի գազատարի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Վրաստանի կողմից սկսվել է գազի կոնդենսատի արտահոսք, որը պայթյունի վտանգ է ստեղծում եռակցման աշխատանքների ժամանակ: Կոնդենսատի արտահոսքը կասեցնել դեռեւս չի հաջողվել: Արդյունքում, այսօր նախատեսված գազի առաքման վերսկսումը Վրաստան եւ Հայաստան հետաձգվել է: