AM
5 June 2013 - 10:52 AMT

Էկոնոմիկայի նախարար. Օտարերկրյա ներդրումների նվազումը անհանգստանցող է

Օտարերկրյա ներդրումների նվազումը 2012թ.-ին բավական էական է եղել, ինչը ըստ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, շատ անհանգստանցող է: Այնուամենայնիվ, նախարարը կարծում է, որ դեռ շուտ է կանխատեսումներ անել 2013թ.-ի համար, քանի որ կա նաև սեզոնային խնդիր:

«Հուսով եմ, որ 2013թ.-ին նմանատիպ նվազում չի լինի: Մենք այսօր ունենք մի քանի ծրագրեր, դրանք ենթադրաբար պետք է լրացնեն այն ծրագրերի տեղը, որոնք արդեն չեն լինելու, փաստորեն, արդեն չկան կոմունիկացիաների և շինարարության համակարգերի մասով ներդրումները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ աժմ լուրջ խնդիր կա ճյուղային ներդրումների տեսանկյունից. «Հայաստանը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, արտաքին ներդրումների տեսանկույնից, տատանողական են և դա կախված է նաև երկրի տնտեսական կառուցվածքից: Ներդրումների քանակը կախված է մի շարք գործոններից, օրինակ թե ՀՀ-ն առաջիկա տարիներին ինչ ճյուղերում կկարողանա ունենալ առևտրի լուրջ ավելացումներ: Եթե մենք կարողանում ենք առաջ մղել եվրահամայնքի հետ մեր ազատ առևտրի պայմանագրերն ու հավասարակշված քաղաքականություն վարել մեր բոլոր շուկաներում և առևտուրն ավելացնել, ապա օտարերկրյա ներդրումները ևս կավելանան»:

Ավելացնենք, որ 2012թ.-ի դեկտեմբերի վերջի դրությամբ՝ 2012թ.-ի սեպտեմբերի վերջի համեմատ, Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը 250,09 մլն դոլարով կամ 3,7 տոկոսով նվազել է և կազմել մինուս 6 835,43 մլն դոլար: