Հայաստանն իր հույսը երբեք չպետք է դնի ԱՄՆ-ի, Արևմուտքի, ՌԴ վրա: Մենք առաջին հերթին պետք է հույս դնենք ինքներս մեզ վրա: Այս մասին այսօր «ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգիր. անվտանգության հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով սեմինարի ժամանակ ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: «Պատմությունը ցույց է տալիս, որ հույսն արտաքին ուժերի վրա դնելով, Հայաստանը միշտ տուժել է և մեծ վնասներ կրել», – ասաց նա:
Եվ այս անգամ էլ, ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգիրը ստորագրել-չստորագրելու որոշումը կայացնելիս պետք է լավագույնս վերլուծել իրավիճակը: Վիլնյուսի գագաթնաժողովից հետո, երբ Հայաստանը պարտավորվի կյանքի կոչել ասոցացման համաձայնագիրը, լուրջ բարեփոխումներ պետք է իրականացնի` այլևս այլընտրանք չունենալով:
Ռիչարդ Կիրակոսյանն այդ բարեփոխումները դիտարկում է որպես ասոցացման համաձայնագրի ընձեռած հնարավորություններից մեկը: Այլ, ոչ պակաս կարևոր հնարավորություն քաղաքագետը համարեց ավելի մեծ ինտեգրման հնարավորություն մեկուսացման պայմաններում: Այս համաձայնագիրը կնպաստի նաև տարածաշրջանում կայունություն հաստատելուն, պահպանելուն:
Քաղաքագետը նշեց նաև այս համաձայնագրի սպառնալիքը` նշված հնարավորություններից չօգտվելը: «ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ այս հնարավորությունը Հայաստանն իրավունք չունի բաց թողնել», – ասաց նա:
ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի շուրջ բանակցությունները տևում են արդեն 3 տարի: Այս փաստաթուղթը փոխարինելու է ՀՀ ր ԵՄ գործակցությունը կարգավորող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: Նոր փաստաթուղթը բացի ինտեգրման, տեղաշարժի և էներգետիկայի հարցերին վերաբերող կետերից ունի նաև ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում գործակցելու մասին կետեր:






