AM
14 June 2013 - 13:22 AMT

KfW-ն մտադիր է նպաստել Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հունիսի 14-ին ընդունեց Գերմանական զարգացման բանկի` KfW-ի տարածաշրջանային տնօրեն Լարս Օերմանին:

Դավիթ Սարգսյանը բարձր և արդյունավետ գնահատեց բանկի հետ համագործակցությունը էներգետիկայի, ջրամատակարարման, գյուղատնտեսության, բնապահպանության և այլ ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձան ֆինանսական ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններին: Մասնավորապես քննարկվեց փոքր և միջին ձեռներեցությանն աջակցության` շարունակական բնույթ ունեցող ծրագիրը, կարևորվեց փոքր ու միջին ձեռնարկությունների վարկավորումն արդյունավետ և շահութաբեր դարձնելու հարցը: Լարս Օերմանը մանրամասնեց բանկի առաջիկա անելիքներն ու դրանց շուրջ կառավարության հետ բանակցությունների ընթացքը:

Ֆինանսների նախարարը KfW-ին համարեց կարևոր գործընկեր և փոխգործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնեց, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: