AM
15 Հունիս 2013 - 09:54 AMT

Թուրք ցուցարարները որոշել են շարունակել ակցիաները

«Թաքսիմի համերաշխություն» կազմակերպությունը, որը միավորում է Գեզի զբոսայգին գրաված բողոքավորներին, այսօր հայտարարել է, որ «կշարունակի դիմադրել ցանկացած անարդարության»: Այդ մասին ասվում է կազմակերպության տարածած հայտարարության մեջ: «Մեր դիմադրության 18-րդ օրը, մենք՝ «Թաքսիմի համերաշխություն» կազմակերպությունը, շարունակում ենք մնալ մեր դիրքերում հանուն մեր ազատության, մասնավոր կյանքի, մեր գյուղերի, մեր այգու ու մեր քաղաքի: Մենք ավելի կազմակերպված ենք ու հզոր: Սա միայն սկիզբն է, պայքարը շարունակվում է»,-ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունը պահանջում է իշխանություններից դադարեցնել այգու վերակառուցումը, ներկայացնում է նաև քաղաքական ու սոցիալական պահանջներ, սակայն խոստովանում է նաև, որ վերջերս հնարավորություն է առաջացել իշխանությունների հետ բանակցելու համար:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այսօր կրկին կոչ է արել ցուցարարներին դադարեցնել բողոքի ակցիան, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Թաքսիմում այժմ հանգիստ է: Անկարայում այս գիշեր տեղի են ունեցել ցուցարարների փոքր բախումներ ոստիկանների հետ, կան ձերբակալվածներ: