AM
23 January 2003 - 14:32 AMT

ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ» Է ՄՈՏԵՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՄՆ կառավարությունը ամենայն լրջությամբ է մոտենում Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններին եւ մտադիր է դիտարկում անցկացնել ինչպես ընտրությունների ընթացքի, այնպես էլ քվեարկության արդյունքների վերաբերյալ: Այդ մասին, «Դե-ֆակտո» գործակալության հաղորդագրության համաձայն, որն վկայակոչում է Ամերիկայի հայկական համագումարը, Վաշինգտոնում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը` օրերս հանդես գալով ամերիկյան Կոնգրեսի գրադարանում Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ: Դեսպանը համոզվածություն է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրությունները կդառնան բարեփոխումների շարունակությունը քաղաքացիական հասարակության կայացման ճանապարհին: Ամփոփելով Հայաստանում իր աշխատանքի ա ռաջին տարվա արդյունքները` դեսպանը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը դառնում է առավել ազատական եւ կայունացման միտում ունի: «Հայաստանի մուտքը Համաշխարհային առեւտրի կազմակերպություն` այն մեծ վստահության հետեւանքն է, որ տածում է միջազգային հասարակությունը Հայաստանի կառավարաության վարած տնտեսական քաղաքականության հանդեպ»,-ընդգծել է Ջոն Օրդուէյը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցին` ԱՄՆ դեսպանը նշել է, որ առաջիկա նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում կարող են դրական դեր խաղալ երկու երկրների հասարակությունները հարցի օպտիմալ լուծմանը նախապատրաստելու գործում: