Հունիսի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Լեհաստան այցի շրջանակներում տեղի կունենա հայ-լեհական գործարար համաժողով: Համաժողովի համակազմակերպիչներն են Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միությունը:
Ելույթներով հանդես կգան Լեհաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ պարոն Տոմաշ Տոմչիկևիչը, ՀՀ էկոնոմիկայի նախարար պարոն Վահրամ Ավանեսյանը:
Հայկական շուկա մուտք գործելու պայմանների վերաբերյալ շնորհանդեսը կներկայացնի ԶՀԳ գլխավոր տնօերն պարոն Ռոբերտ Հարությունյանը: Ձեռնարկության Զարգացման լեհական գործակալության կողմից կներկայացվի Լեհաստանում առկա արտահանման աջակցման գործիքները, ինչպես նաև ներդրումային պայմանները լեհական շուկայում:
Գործարար համաժողովին ներկա կգտնվեն երկու երկրների նախագահներ պարոն Սերժ Սարգսյանը և Բրոնիսլավ Կոմորովսկին: Համաժողովին Հայաստանից մասնակցում են արդյունաբերության տարբեր ոլորտ ներկայացնող 19 ընկերություն՝ ապահովագրություն, հեռահաղորդակցություն, գյուղատնտեսություն, հիդրոէներգետիկա, մետաղյա կառուցվածքներ, սննդարդյունաբերություն, ոսկերչություն, տուրիզմ, առևտուր և ներմուծում, կրթություն, շինարարություն, բեռնափոխադրումներ: 2012թ. Հայաստանի և Լեհաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 42.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտահանումը կազմել է 599.3 հազ. ԱՄՆ դոլար և ներմուծումը` 41.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են կաուչուկ, խմիչքներ, աղ, ցեմենտ, քար, կրաքար, ալյումին և ներմուծվում են եթերային յուղեր, օճառ, մակերեսային ակտիվ օրգանական միջոցներ, փայտ և փայտից իրեր, էլեկտրական սարքավորում, թուղթ, շաքար, կակաո, ապակի, դեղագործական ապրանքներ և այլն: ՀՀ-ում լեհական կապիտալով գործում են 12 ընկերություն: