Հայաստանի բնակչության կեսը գտնվում է սոցցանցերում և անընդհատ բաց տեղեկատվություն է հաղորդում: Իսկ նույնիսկ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տիրապետող անձիք համացանցից օգտվելու համապատասխան գիտելիքներ չունեն: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր ասուլիսի ժամանակ նշեց, որ սա է սոցցանցերում նման տեղեկության տարածման պատճառը:
«Այսօր սոցցանցերը դարձել են սոցհարցումներից ավելի լավ գործիքներ: Այստեղ հարցն այն է, թե արդյոք չպետք է գաղտնիք պարունակող տեղեկատվության տիրապետող անձիք կրթվեն», – ասաց փորձագետը:
Բլոգեր Տիգրան Քոչարյանի խոսքով` ՊՆ աշխատակիցների անձնական էջերը, դրանց գաղտնաբառերը պետք է ՊՆ վերահսկողության տակ լինեն։ «Արգելել կամ վերահսկել»,– առաջարկեց նա ուավելացրեց, որ ժամանակին Odnoklasniki.ru կայքում իրենք նույնիսկ գտել էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտածների, հետախույզների խմբեր։ «Օրինակ դպրոցի վերջին դասարաններում կարելի է սովորեցնել, թե ինչ վտանգ կարող է ունենալ բաց տեղեկատվությունը»,– ասաց նա։
Նույնը վերաբերում է նաև պետական պաշտոնյաներին: Հակառակորդի համար կարևոր տեղեկություն է նույնիսկ այն, թե պաշտոնյան ինչ է «լայք տալիս»: Այնպես որ, նրանք ևս պետք է չափազանց ուշադիր լինեն:






