«Մտավախություն կար, որ սալաֆիտները, ավելի ծայրահեղական լինելով, քան «Մահմեդական եղբայրները», կարող էին գործի դրվել բանակի միջամտության դեպքում, սակայն Սաուդյան Արաբիայի թագավորի ողջույնը եգիպտական բանակին «տապալեց նրանց»,- PanARMENIAN.Net-ին է ասել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Ֆասիհ Բադերհանը: «Մենք դեռ չունենք ԱՄՆ հստակ արձագանքը կատարվածին, թեև կոնգրեսականներից մեկն արդեն հայտարարել է, որ հարկավոր է դադարեցնել ֆինանսական օժանդակությունն Եգիպտոսին: Սակայն, ես չեմ կարծում, որ «Մահմեդական եղբայրները» ագրեսիվ կլինեն և հավանաբար հարկավոր է քաղաքական պայքարի սպասել: Մյուս կողմից բանակը ճնշում գործադրեց ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հատվածում, որպեսզի այն ապակայունացման գործոն չդառնա բուն Եգիպտոսում»,-ասել է նա:
Բադերհանը նաև նշել է, որ Եգիպտոսի իրադարձությունները անպայման կանդրադառնան սիրիական հակամարտության վրա, ընդ որում դրական առումով: «Վերջին իրադարձությունները Եգիպտոսում ցույց տվեցին, որ աշխարհիկ հանրությունը թույլ չի տա, որ ծայրահեղական իսլամիստները գողանան հաղթանակը: Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում այլ գործընթացներ կսկսվեն, այդ թվում նաև Սիրիայում»,-ասել է Բադերհանը:






