5 տարի առաջ այս օրն առաջին գնորդն App Store-ից ձեռք բերեց առաջին հավելվածը: Օնլայն խանութի 5-ամյակի առիթով մի շարք հավելվածների թվում, 1-ին հայկական ինտերակտիվ հեքիաթը` «Անահիտն» էլ այսօր կարող եք ներբեռնել անվճար: Արդեն կես տարուց ավելի ժամանակ է անցել, ինչ հավելվածը հայտնվել է App Store-ում: Այս առիթով PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց նախագծի հեղինակներից ծրագրավորող Վահրամ Գևորգյանի հետ:
«Անահիտը» հաջողություն ունեցավ, ընդունվեց թե մասնագետների, թե հանրության կողմից, արդարացրեց բոլոր սպասելիքները», – ասաց նա ու պատմեց, որ այս ընթացքում հավելվածը կատարելագործվել է` հասանելի է դարձել iPhone/iPod Touch-երի համար նախատեսված տարբերակները, ձայն է ավելացել` հայերեն ու անգլերեն լեզուներով:
Աշխարհում առավել տարածված նմանատիպ նախագծերից, օրինակ, «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հաջողություններին զիջում է, բայց եթե հաշվի առնվեն օբյեկտիվ պատճառներից գոնե մի քանիսը` ժամկետներ, պոտենցիալ սպառողներ, տարբերությունն էլ օբյեկտիվ կդառնա:
Վահրամ Գևորգյանի խոսքով, նախագիծն ի սկզբանե ֆինանսական եկամուտ բերելու նպատակով չի ստեղծվել. «բայց իմ ծախսած բոլոր միջոցները հետ եմ ստացել»:
Խնդիր է եղել հայ ինտերակտիվ փոքրիկների համար հայկական հեքիաթը հասանելի դարձնել, նաև աշխարհին ներկայանալու ձև է:
«Իսկ «Անահիտի» ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ վերջերս իմացա` այն օգտագործվում է աուտիզմով հիվանդ երեխաների բուժման ժամանակ», – ասաց հեղինակը:
Նա նշեց, որ հայկական ինտերակտիվ ուրիշ հեքիաթ App Store-ում դեռ չի հայտնվել, «Անահիտն» 1-ինն է ու դեռ միակը, բայց հետքրքիր նորություններ հայ ծրագրավորողներից կան:
Իրենք էլ նոր նախագիծ ունեն` ավելի բարձրորակ գրաֆիկայով, նոր հնարավորություններով: Փակագիծը մի փոքր բացելով` նորից հայ գրականությունից, նորից ինտերակտիվ գիրք:






