ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մտադիր է իրականացնել առավելապես հայերով բնակեցված Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի ԶԼՄ-ները, ծրագիրը նախատեսվում է իրականացնել հինգ տարում: Ծրագրի հիմնական նպատակներից է` տարածաշրջանում էթնիկ լարվածության թուլացումը եւ Վրաստանի մյուս շրջանների հետ Սամցխե-Ջավախքի առավել սերտ ինտեգրման համար պայմանների ստեղծումը: Ծրագիրը նախատեսում է մեխանիզմների ստեղծում, որոնք կնպաստեն տարածաշրջանում ձեռներեցության զարգացմանը, գոյություն ունեցող ձեռնարկությունների վերականգնմանը, ինչպես նաեւ տարածաշրջանում արտադրվող ապրանքների համար սպառման հնարավոր շուկաների ընդլայնմանը: Ծրագրի ուղղություններից մեկը` ինքնակառավարման տեղական մարմինների եւ իշխանության կենտրոնական մարմինների համատեղ աշխատանքին աջակցելն է: Մոտ ժամանակներս ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ձեռնամուխ կլինի ծրագրի նախնական փուլի իրականացմանը, որը նախատեսում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տարածաշրջանային գրասենյակի բացում եւ ծրագրի ապահովման շրջանակներում փորձագետների պատրաստում: Նախնական փուլի իրականացման համար ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մտադիր է հատկացնել 254 հազար դոլար: