AM
15 Հուլիս 2013 - 05:44 AMT

Լայն հնարավորություններ սկսնակ մասնագետների համար Ամերիաբանկի կողմից

Արդեն երկրորդ անգամ մեկնարկել է Ամերիաբանկի «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում բանիմաց ու վառ անհատականություն ունեցող սկսնակ մասնագետներին իրենց աշխատանքային կենսագրությունը սկսելու «Ամերիա» թիմի կազմում:

Բոլոր այն երիտասարդները, որոնք ակտիվ են, եռանդուն, նպատակասլաց, ցանկանում են մասնագիտանալ բանկային գործում և ստացել են առնվազն բակալավրի աստիճան առաջատար համալսարանների ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար բնագավառներում, կարող են դիմել ծրագրին մասնակցելու համար: Ընտրական փուլը հաղթահարելու դեպքում երիտասարդները կանցնեն եռամսյա անվճար վերապատրաստում Ամերիաբանկի փորձառու մասնագետների կողմից: Նշենք նաև, որ վերպատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգշաբաթյա ուսուցում, որի ընթացքում մասնակիցները կստանան ֆինանսների, տնտեսագիտության, հաշվապահական հաշվառման, մարքեթինգի ու հասարակության հետ կապերի մասին տեսական գիտելիքներ: Նրանք նաև կծանոթանան Ամերիա խմբի պատմությանը, գործարար էթիկային, բիզնեսի վարման փիլիսոփայությանը:

Ծրագրի երկրորդ փուլը կտևի յոթ շաբաթ և կներառի գործառնական ուսուցում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում: Այստեղ արդեն երիտասարդները կարող են կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները, դրսևորել իրենց անհատականությունը, ինքնուրույնությունը, ինչպես նաև թիմում աշխատելու ունակությունը:

«Ամերիա Սերունդ» ծրագրի բոլոր փուլերը հաջողությամբ ավարտած երիտասարդներից լավագույնները կստանան աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի տարբեր ստորաբաժանումներում աշխատելու համար:

Նախորդ տարվա «Ամերիա Սերունդ» ծրագրի 30 շրջանավարտներից 27-ը համալրել են «Ամերիա» թիմը` իրենց հետ բերելով նոր և համարձակ գաղափարներ: Աշխատելով Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների, Կորպորատիվ հաճախորդների սպասարկման, Առևտրային գործառնությունների, Ֆինանսական, Զարգացման, դեպարտամենտներում` նրանք արդեն իսկ աչքի են ընկել իրենց գիտելիքների ու հմտությունների զարգացմամբ:

«Ամերիա սերունդ» ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ Ամերիաբանկի պաշտոնական կայք-էջում` www.ameriabank.am: Դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 28-ը: