AM
28 February 2006 - 15:05 AMT

Հայաստանը ռուսական գազի համար կվճարի նույնքան, որքան եւ Վրաստանը

Ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ի կողմից Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը հազար խորանարդ մետրի համար կկազմի $110: Այսօր Հայաստանը վճարում է $54: Թանկացման մասին տեղեկատվությունը հաստատել է Հայաստան գազ մատակարարող հայկական «ՀայՌոսգազարդ» ընկերության մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: 2005թ. դեկտեմբերի վերջում «Գազպրոմի» խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Րյազանովը Վրաստանի հետ բանակցությունների ժամանակ, ընդգծեց, որ 2006թ.-ից Հարավային Կովկասի բոլոր երկրների համար գազի գինը կլինի նույնը` $110 հազար խորանարդ մետրի համար: Դրանից անմիջապես հետո, հայկական կողմը հայտարարեց, որ «Գազպրոմից» թանկացման վերաբերյալ ոչ մի տեղեկություն չի ստացել: Հունվարի կեսերին Հայաստանին հաջողվեց հետաձգել նոր գների հաստատումը մինչ ապրիլի 1-ը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նշենք , որ Հայաստանում հույս ունեն, որ «Գազպրոմը» կվերանայի իր նոր գները այս երկրի համար, քանի որ Վրաստանում եւ Ուկրաինայում գազի թանկացման մեջ կարելի է տեսնել քաղաքական հիմքեր. Հայաստանը Ռուսաստանի համար հանդիսանում է առավել մոտ դաշնակիցը Հարավային Կովկասում: