Օգոստոսի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է այցելել Իրան: Ինչպես գրում է «Կոմերսանտը», Կրեմլը մտադիր է օգտվել այն հանգամանքից, որ իշխանության է եկել նոր նախագահ՝ Հասան Ռոուհանին, մեռյալ կետից շարժելու համար Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Պուտինը կքննարկի նաև երկկողմ հարցեր՝ ՌԴ կողմից «Բուշեր» ԱԷԿ-ի նոր էներգաբլոկների կառուցման և Իրանին C-300 համակարգերի փոխարեն «Անտեյ-2500» համակարգերի առաքումների հարցը: Փորձագետներն առաջիկա այցելությունը համարում են «հեռանկարային, բայց ռիսկային»:
«Այցը կայանալու է օգոստոսի 12-13-ին»,-հայտնել է Իրանի ԱԳՆ-ին մոտ աղբյուրը և հաստատել առաջիկա այցի մասին տեղեկությունը, նշելով, սակայն, որ դեռ որոշված չէ մեկ օր այն կտևի թե երկու:
Վերջին անգամ Պուտինը եղել է Թեհրանում 2007թ. հոկտեմբերին՝ մասնակցելով Կասպիական գագաթաժողովին, որտեղ հանդիպել էր նախագահի ու այաթոլա Համենեիի հետ: Մինչ այդ ոչ մի խորհրդային կամ ռուս առաջնորդ Իրանում չէր եղել 1943թ. Թեհրանի խորհրդաժողովից հետո: 2007թ. այցը ակտիվացրեց ռուս-իրանական հարաբերությունները, որոնք սակայն փչացան Դմիտրի Մեդվեդևի օրոք, որը չեղյալ համարեց C-300 համալիրների առաքման մասին որոշումը: Վլադիմիր Պուտինը հավանաբար առաջին արտերկյա նախագահը կլինի, որը կայցելի Իրան նորընտիր նախագահ Ռոուհանիի երդմնակալությունից հետո, որը կկայանա օգոստոսի 3-ին:






