AM
30 Օգոստոս 2013 - 12:39 AMT

Հայկական շուկայում ներկայացված «Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենում որակի խախտումներ չեն հայտնաբերվել

Արձագանքելով լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ուկրաինական «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի մի քանի գործարանների արտադրանքի ներմուծումը ՌԴ արգելվել է՝ դրանում բենզո(ա)պիրենի առկայության հայտնաբերման պատճառով՝ հուլիսի 30-ից 31-ը Ծառայության կողմից իրականացվել է Երևան քաղաքում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենի դիտարկում` հետևյալ հարցերի շրջանակներում` մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանությունը, փաթեթավորման միջոցով անվտանգության ապահովումը, պահման պայմաններին համապատասխանությունը, պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի իրացումը:

«Ռոշեն» ապրանքանիշի հրուշակեղենի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կատարվել է հսկիչ գնում և իրականացվել է անվտանգության և ֆիզիկաքիմիական ցուցանիշներով լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել:

Բենզո(ա)պիրեն ցուցանիշի փորձաքննության հետ կապված՝ Ծառայությունը կատարել է ՀՀ-ում գործող փորձարկման լաբորատորիաների կարողությունների վերաբերյալ հարցում, որի արդյունքում նոր սարքավորումների հրատապ ձեռքբերման անհրաժեշտություն է առաջացել: Ծառայության ջանքերով և լաբորատորիաների համագործակցության շնորհիվ Հանրապետություն է ներմուծվել և տեղադրվել համապատասխան սարքավորում, որի օգնությամբ հնարավոր է դարձել գնահատել փորձանմուշում բենզո(ա)պիրենի և այլ նյութերի առկայությունը:

Համաձայն լաբորատոր փորձաքննության եզրակացության՝ ՀՀ-ում շուկայահանված «Ռոշեն» («Roshen») ապրանքանիշի հրուշակեղենում բենզո(ա)պիրեն չի հայտնաբերվել: