AM
3 Սեպտեմբեր 2013 - 08:04 AMT

Լիբիան կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը

Լիբիան կրճատել է նավթի արդյունահանումը 1,5-1,6 մլն բարելից այն հասցնելով մինչև 100 հազար բարելի մեկ օրում: Այդ մասին Al-Hurra TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է էներգետիկայի գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Սաադ բեն Շրադան: Նավթի արդյունահանման անկումը կապված է հումքային ոլորտի բանվորների բողոքի ակցիայի հետ, որոնք արգելափակել են նավթային տերմինալներն ու նավահանգիստները: Նախկին ապստամբները, որոնք նպաստեցին Մուամմար Քադդաֆիի տապալմանը, գործադուլ են արել հուլիսի վերջում: Բանվորները մեղադրում են իշխանություններին հումքի լրացուցիչ ծավալներ առանց փաստաթղթերի վաճառելու մեջ: Կառավարությունն, իր հերթին, պնդում է, որ բողոքի ակցիայի բուն պատճառը պահնորդների կողմից սև շուկայում հումքի իրացման փորձն է:

Բացի այդ, հումքային ոլորտում աշխատող բանվորների ու պահակների զինված խմբավորումները, որոնք հաճախ կազմավորվում են ցեղային պատկանելության հիմքի վրա, արգելափակել են գազային հանքերի աշխատանքը երկրի արևելքում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը իր աղբյուրների վրա հղումով:

Գազի արդյունահանման դադարեցման պարագայում իշխանությունները ստիպված էին դիզելային վառելիք ու մազութ ներմուծել էլեկտրակայանների համար: Brent տեսակի նավթի գները օգոստոսի 2-ի սակարկությունների ժամանակ 112,3 դոլարից մեկ բարելի համար հասել են 114,6 դոլարի: Ինչպես նշում է The Financial Times-ը, լիբիական նավթի պակասը համաշխարհային շուկայում կրիտիկական է, քանի որ այդ արաբական երկիրը բարձր որակի հումք է արտադրում, որն աչքի է ընկնում ծծմբի ցածր պարունակությամբ: Այդպիսի հումքը կարող է վերամշակել ցանկացած նավթավերամշակման գործարան: Ըստ ավստրիական JBC Energy-ի, Լիբիան արդյունահանում է light sweet տեսակի նավթի համաշխարհային պաշարի 12 տոկոսը:

Լիբիայի նավթի պաշարները գնահատվում են 5,4 մլրդ բարել: Լիբիան աշխարհում 5-րդ տեղն է գրավում նավթի արտադրությամբ: