Microsoft-ը գնում է բջջային հեռախոսների և սմարթֆոնների ֆիննական արտադրող Nokia ընկերությունը 5.44 մլրդ եվրոյով, կամ 7,17 մլրդ դոլարով: Այդ մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 2-ին: Ենթադրվում է, որ գնումը կավարտվի 2014թ. առաջին քառորդում: Nokia-ն կպահպանի իր գրասենյակը Ֆինլանդիայում՝ կորցնելով շուրջ 32 հազար աշխատակիցների, մնացած աշխատողները կզբաղվեն Here, NSN և Advanced Technologies քարտերով: Նշենք, որ 2013թ. սկզբի դրությամբ ընկերությունում աշխատում էր մոտ 100 հազար մարդ, 2000-ականների վերջում այդ թիվը հասնում էր 132 հազարի: Ֆիննական բջջային հսկայի գինը շատ ավելի ցածր է, քան Skype-ի համար վճարվածը 8,5 մլրդ դոլարը, որը Microsoft-ը ձեռք է բերել վերջերս: Ինչպես նշում են փորձագետները, գնումներով կարելի է դատել Microsoft-ի՝ բջջային շուկայի ամենաազդեցիկ խաղացողը դառնալու մտադրությունների մասին:
Արդեն երկու տարի է, ինչ Microsoft-ն ու Nokia-ն սերտորեն գործակցում են: 2011թ. ընկերությունները համաձայնագիր կնքեցին ռազմավարական գործընկերության մասին: Ըստ պայմանագրի, ֆիննական ընկերությունը դարձավ բջջային ԾԱ կարևորագույն առաքիչը Windows բազայի վրա, գրում է Lenta.ru-ն:
Nokia-ն շուրջ 150 տարվա պատմություն ունի: 2007 թվականին բջջային հեռախոսների արտադրությամբ ընկերությունն առաջին տեղում էր աշխարհում: 2000-ականներից մինչև 2011թ. այն զբաղեցնում էր բջջային հեռախոսների շուկայի ամենամեծ մասնաբաժինը, 2012թ.՝ նա երկրորդ տեղում էր 19 տոկոս ցուցանիշով, իսկ առաջինը Samsung-ն էր՝ 22 տոկոսով: Ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի շուրջ 150 երկրներում: Վերջին տարիներին Nokia-ի ցուցանիշները զգալիորեն վատթարացել են՝ չդիմանալով Apple և Samsung-ի մրցակցությանը: Ֆիննական ընկերությունը զարգացնում է հեռախոսները Windows-ի հենքի վրա, այն դեպքում, երբ նրա մրցակիցներն արտադրում են iOS և Android օպերացիոն համակարգով սմարթֆոններ:






