AM
5 Սեպտեմբեր 2013 - 08:26 AMT

Ջոն Քերի. Պարսից ծոցի միապետությունները կարող են ֆինանսավորել Սիրիայի դեմ պատերազմը

Պարսից ծոցի միապետությունները կարող են հոգալ Սիրիայի դեմ պատերազմի ծախսերը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսում լսումների ժամանակ՝ հավելելով, որ այդ առաջարկը քննարկվում է: Որոշ նախաձեռնություններ «իրոք նշանակալի էին»: «Ահա թե որքան հավատարիմ են նրանք մեզ»,-մեկնաբանել է իրավիճաը դիվանագետը: Նա նշել է, որ նման տարբերակը, երբ արաբական աշխարահը հոգում է ներխուժման ծախսերը, չի դիտարկվել, սակայն տարածաշրջանի երկրները լուրջ են խոսում այդ մասին: Ներխուժման գլխավոր ջատագովներն են Սաուդյան Արաբիան ու Քաթարը, հայտնում է Reuters գործակալությունը:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հաշվարկներով հնարավոր ներխուժումը Սիրիա տասնյակ միլիոնավոր դոլաներ կպահանջի:

Պենտագոնը նախկինում տվյալներ չէր հրապարակում ռազմական գործողության արժեքի մասին, սակայն ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ նրա ֆինանսավորումը կարող է կատարվել գերատեսչության ռեսուրսների հաշվին առանց լրացուցիչ աղբյուրների ներգրավման:

Մեծ Բրիտանիայի ռազմական գործողությունը Լիբիայում Լոնդոնի համար արժեցավ 2,71 մլրդ դոլար: Սակայն սիրիացիների դիմադրությունը կարող է ավելի կատաղի լինել, քան Լիբիայում եղավ: Պենտագոնի ծախսերը կազմել են 715 մլն դոլար: Այն ժամանակ նույնպես կոալիցիան հայտարարեց, որ իր նպատակը Մուամմար Քադդաֆիին պաշտոնանկ անելն է:

Պատերազմը Սիրիայում շարունակվում է 2011թ. մարտից, որին զոհ գնաց շուրջ 100 հազար մարդ: Ապստամբները պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, սակայն նա մտադիր չէ կամավոր լքել իր պաշտոնը: Իրավիճակը երկրում վատթարացավ օգոստոսի վերջում, երբ տեղեկություններ հայտնվեցին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին: Ըստ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության, քիմիական գրոհի արդյունքում 350 մարդ է զոհվել:

Պարսից ծոցի միապետություններն առաջին անգամը չէ, որ հանդես են գալիս Մերձավոր Արևելքում պատերազմի ծախսերը հոգալու առաջարկով: Հենց Սաուդյան Արաբիան ու Քաթարը իրենց վրա վերցրեցին 1990թ. Քուվեյթ և 2003թ. Իրաք ներխուժման ծախսերը:

Բարաք Օբաման օգոստոսի 30-ին Սիրիան ռմբակոծելու մասին բանաձևն ուղարկել է Կոնգրես, որտեղ պետք է այդ հարցը դրվի քվեարկության: Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել բանաձևին: Հաջորդը կլինի Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային հանձնախմբի նիստը, իսկ սեպտեմբերի 9-ին քվեարկություն է նախատեսվում երկու պալատներում: