Ամերիաբանկն իր «Ստեփանակերտ» մասնաճյուղի վերաբացման առիթով նախաձեռնել է «Ես Արցախի ապագան եմ» հատուկ արշավը: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, բոլոր այն հաճախորդները, որոնք ձեռք կբերեն «Ես Արցախի ապագան եմ» բանկային քարտը, կկարողանան մեկ տարվա ընթացքում օգտվել մի շարք ծառայություններից արտոնյալ պայմաններով:
Սեպտեմբերի 8-ին Արցախի հանրապետության մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում, կայացավ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նոր՝ «Ստեփանակերտ» մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությունը, որի գրասենյակն այսուհետ կգործի նոր տարածքում՝ նպատակ ունենալով նպաստավոր պայմաններ ստեղծել բնակիչների սպասարկման համար: Բացման պաշտոնական արարողության պատվավոր հյուրերն էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, բանկի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ու այլ պաշտոնատար անձինք։
Ըստ Արման Բարսեղյանի, ակցիան կգործի առաջիկա երեք ամիսներին, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Այդպես, ֆիզիկական անձինք կկարողանան վարկեր ստանալ 1 տոկոս գործող սակագնից պակաս տոկոսադրույքով: Միևնույն ժամանակ բոլոր ավանդների համար կգործի 1 տոկոս գործող սակագնից բարձր տոկոսադրույք: Բացի այդ, անհատական պահատուփերը 12 ամսով վարձակալելու դեպքում կտրամադրվեն 50 տոկոս զեղչով:
Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, նրանք կկարողանան արտոնություններ ստանալ աշխատավարձային քարտերի գծով: Մասնավորապես 25 աշխատակիցների ներգրավման դեպքում Visa Electron/Maestro Cirrus և Visa Cassic/MasterCard Standard քարտերը մեկ տարվա ընթացքում անվճար կսպասարկվեն: Անվճար կտրամադրվի նաև բանկ-հաճախորդ համակարգով տրամադրվող ծառայությունն ու նրա սպասարկումը: Բացի այդ, իրավաբանական անձանց համար կապահովիի հաշիվների անվճար սպասարկում մեկ տարվա ընթացքում: Ակցիայի շրջանակներում իրավաբանական անձինք կկարողանան մաքսային քարտ ստանալ 1 տոկոս գործող սակագներից ցածր:
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ, ներդրումային ու որոշ մանրածախ ծառայությունների ամբողջական փաթեթ։«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, իսկ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրենն Արտակ Անեսյանն է։






