Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանին, հավանաբար, տրամադրված է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի, առաջին հերթին` ԱՄՆ-ի հետ: Խոսքը դեռ դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին չէ, որոնք խզվել են 1979 թվականին շահ Ռեզա Փեհլեվիի տապալումից ու Իսլամական հեղափոխությունից հետո: Բայց իրադարձությունները տարածաշրջանում, մասնավորապես՝ Սիրիայի քիմիական զենքի խնդիրը, ստիպում է պետությունների ղեկավարներին, որոնք դեռ երեկ թշնամիներ էին, ուղերձներ փոխանակել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանին նամակներ են փոխանակել, որտեղ քննարկվում է իրավիճակը Սիրիայում: Բայց Օբաման, իրեն հավատարիմ մնալով, CBS հեռուստատեսությանը տված կիրակնօրյա հարցազրույցում հայտարարել էր, որ ռազմական սպառնալիքով ամրագրված դիվանագիտությունն Իրանի հետ բանակցություններում մոդել է վերջինիս միջուկային նկրտումների շուրջ:
«Իրանը չպետք է կարծի, թե ԱՄՆ-ն իրեն ռազմական հարվածով չի պատասխանի միայն այն պատճառով, որ չհարվածեց Սիրիային»,- ասել է ԱՄՆ նախագահը: Բայց նրա խոսքերը լուրջ չեն ընկալվի ինչպես Իրանում, այնպես էլ ամբողջ աշխարհում. պատճառները մի քանիսն են:Գլխավորը նախագահի անվճռականությունն է ու հազարավոր մարդկանց մահվան պատասխանատվությունը հնարավորինս շատ քաղաքական գործիչների վրա բարդելու ցանկությունը:Կա ևս մեկ պատճառ՝ տնտեսական: ԱՄՆ տնտեսությունը չի դիմանա ևս մեկ պատերազմի, որքան էլ ռազմական արդյունաբերական համալիրը Օբամային դրդի դրան:
Հեռուստահարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել էր, որ Իրանի ղեկավարությունը հասկանում է՝ ԱՄՆ մտահոգությունն Իրանում միջուկային զենքի հայտնվելու հավանականության հարցում շատ ավելի մեծ խնդիր է Նահանգների համար, քան սիրիական քիմիական զենքը: Չի կարելի անտեսել նաև Իսրայելի գործոնը, որը գլխավոր տեղն է զբաղեցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության մեջ: Կամ միայն թվում է, թե զբաղեցնում է:
Հասկանալի է, որ Իսրայելի դեմ սպառնալիքը, որը ներկայացնում է միջուկային Իրանը, շատ ավելի լուրջ է ԱՄՆ ազգային շահերի համար, քանի որ ցանկացած ԱՄՆ նախագահ կզրկվի հրեական ծագումով բազմահազար ամերիկացիների ձայներից ցանկացած ընտրություններում: Հենց դա է, ըստ Վաշինգտոնի վարչակազմի, բխում ԱՄՆ ազգային շահերից: Մինչդեռ, տրամաբանական կլիներ քաոս չստեղծել Մերձավոր Արևելքում, Իսրայելի անվտանգությունն իրականում ապահովելու համար:
Ինչ վերաբերում է անմիջապես Իրանին, ապա, պնդելուց բացի, թե իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, կա ևս մեկ նրբություն՝ Իսրայելը միջուկային զենք արդեն ունի, ընդ որում՝ վաղուց: Ունի նաև Պակիստանը, ուստի տարօրինակ է թվում, թե ինչու են Իրանին մերժում մի բանում, որն արդեն ունեն մյուսները: Չէ՞ որ Իսրայելի միջուկային զենք էլ է սպառնում տարածաշրջանին, էլ չենք ասում Պակիստանի մասին, որտեղ մարտագլխիկները կարող են ընկնել «Թալիբանի» կամ էլի ինչ-որ մեկի ձեռքը: Ահա և ստացվում է, որ Օբաման հայտարարություններ է անում ապացուցելու համար աշխարհին, ինքն իրեն, որ աշխարհը միաբևեռ է և ԱՄՆ-ն միակ համաշխարհային տերություն է: Ճիշտ է, դա այնքան էլ լավ չի ստացվում՝ Ռուսաստանը մտադիր չէ զիջել իր դիրքերը: Կարող է այնպես ստացվել, որ եթե Օբաման մտադրվի սպառնալ Իրանին հրթիռներով, Ռուսաստանը կրկին կխլի նախաձեռնությունն ու ամեն ինչ կանի, որպեսզի դա տեղի չունենա: Գոնե դա նախագահ Օբաման արդեն պետք է հասկանար:
Նույնիսկ առանց հիշեցնելու Ալի Համենեիի ռահբարի ֆեթվանին, որ Ալլահը թույլ չի տա, որ միջուկային զենք կիրառվի, պարզ է, որ Իրանը, թեկուզ ելնելով սեփական անվտանգության նկատառումներից, ռումբ չի պայթեցնի :






