AM
17 Սեպտեմբեր 2013 - 11:10 AMT

Հայաստանյան 289 ընկերություն արտաքին աուդիտ դեռ չի անցել

ՀՀ ֆինանսների նախարարությունն ամփոփել է խոշոր կազմակերպությունների` պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի արդյունքները: Խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է 1 միլիարդ դրամը:

Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում զետեղված տվյալների` 941 խոշոր համարվող կազմակերպություններից 289 ընկերություն արտաքին աուդիտ դեռ չի անցել: Այդ թվում, մասնավորապես, «Վալետտա» ՍՊԸ-ն, որի գործունեությունն ընդգրկում է բիզնեսի տարբեր ոլորտներ՝ արտադրություն, մեծածախ ու մանրածախ առևտուր, հասարակական սնունդ և զվարճանքի կենտրոններ, ինչպես նաև «Արգեա» պահածոների գործարանը, «Տիերաս դի Արմենիա» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին, «Նաիրիտ» գործարանը, Երևանի կրկեսը, «Միկա քորփորեյշն» ՓԲԸ-ն: Արտաքին աուդիտ չանցած ընկերությունների թվում են նաև «Արմավիա» ընկերությունը, «Միկա ցեմենտ» ընկերությունը, «Երևանյան գարեջուր» ընկերությունը, «Գլենդեյլ հիլզ» շինարարական ընկերությունը, «Լուսակերտի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ն, հայկական միրգ ու բանջարեղեն արտահանող «Սպայկա» ընկերությունը, որտեղ վերջերս հրդեհ տեղի ունեցավ, «Մանանա գրեյն» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, «Վալենսիան» (Երևանի ջրաշխարհ), «Եվրովագեն» ՍՊԸ և այլն:

2012 թ. արտաքին աուդտի արդյունքում դրական եզրակացություն է ստացել 449 ընկերություն, իսկ 203 կազմակերպություն չի ստացել դրական եզրակացություն:

Աուդիտի անցկացմանը մասնակցել է համապատասխան լիցենզիա ունեցող 33 աուդիտոր:

Ըստ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 2009 թվականից արտաքին աուդիտը պարտադիր է, սակայն պատժամիջոցներ աուդիտից հրաժարվելու համար նախատեսված չեն:

Այնուամենայնիվ, այն խոշոր ընկերությունները, որոնք 2012 թ. արտաքին աուդիտի դրական եզրակացություն չեն ստացել, չեն կարող մասնակցել պետգնումների գործընթացին: