AM
23 Սեպտեմբեր 2013 - 08:56 AMT

ՄԱԿ ԱԽ ներկայացված բանաձևի նախագիծը Սիրիայի վերաբերյալ ամենևին չի մտահոգում Բաշար Ասադին

Սիրիայի նախագահը չինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ նա բացարձակապես չի մտահոգվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի մշակած բանաձևի նախագծի վերաբերյալ, որը ներկայացվել է ՄԱԿ ԱԽ, հայտնում է «ՌԻԱ Նովսոստին» Reuters գործակալության վրա հղումով:

Ասադը հայտարարել է, որ «ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան ուղղակի փորձում են հաղթող դուրս գալ Սիրիայի դեմ պատերազմում, որը նրանց պատկերացմամբ թշնամի է»: Նա նշել է նաև, որ «Ռուսաստանն ու Չինաստանը դրական դեր են կատարում ՄԱԿ ԱԽ-ում՝ երաշխավորելով, որ Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու ոչ մի պատրվակ չի ստանա Խորհրդի հավանությունը»:

Անցած շաբաթվա սկզբին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներին ներկայացրեցին Սիրիայի գծով բանաձևի նախագիծը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պայքարելու է, որպեսզի Սիրիայի վերաբերյալ բանաձևը կազմված լինի ըստ ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի, որը թույլ է տալիս ուժի կիրառում, որին բացահայտորեն դեմ է Ռուսաստանը:

Մինչդեռ, ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ ԱԳՆԽ, ՊՆ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեների համատեղ նիստում հայտարարեց, որ Ռուսաստանը կոչ է անում ՀԱՊԿ երկրներին սատարել Սիրիայի հարցում միջազգային հանրությանը:

«Մենք մտահոգված ենք Սիրիայի իրավիճակով, և ոչ միայն ողջ տարածաշրջանի համար բացասական հետևանքների լույսի ներքո, այլ նաև բացասական հետևանքների առումով միջազգային իրավունքի ողջ համակարգի համար»,-ասել է Լավրովը:

«Դուք գիտեք, որ հարկավոր է արագ լուծել երկխոսություն սկսելու հարցը, լուծել քիմիական զենքի հարցը»,-ասել է նախարարը: «Կարծում եմ, այսօր մենք կարող ենք սատարել Սիրիայի գծով միջազգային հանրության ջանքերին»,-ասել է նա:

Մինչ այդ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման համար 1 մլրդ դոլար կպահանջվի և 1 տարի: Գերմանիան արդեն պատրաստակամություն է հայտնել տեխնիկական և նյութական աջակցություն տրամադրել: Մինչ այդ Մոսկվան առաջարկեց Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 14-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցրին քիմիական զենքի հանդեպ հսկողություն սահմանելու հարցը: Սեպտեմբերի 20-ին Սիրիայի կառավարությունն իր քիմիական զենքի մասին տվյալներն ուղարկել է Հաագա, որտեղ գտնվում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կենտրոնակայանը: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Սոչիում ընթանում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարնեի հանդիպումը, ինչպես նաև ԱԳՆԽ, ՊՆ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեների համատեղ նիստը: Արդեն հավանության արժանացած փաստաթղթերը կներկայացվեն նախագահների ստորագրմանը:

Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի նախագահները: ՀԱՊԿ ՀԱԽ նախագահը 2013 թվականին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն է:

ՀԱՊԿ նստաշրջանին մասնակցելու նպատակով Սոչի են մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: