Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես ակնկալվում է, նա համոզելու է Օբամային չթուլացնել ճնշումն Իրանի հանդեպ, թեև դա նրան դժվար հաջողվի, և չխաբվել Իրանի նոր ղեկավարության խաղաղասեր հռետորաբանությամբ:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», Իսրայելի առաջնորդները զգուշավոր են վերաբերվում ԱՄՆ ու Իրանի միջև հարաբերությունների լարվածության թուլացմանը: Ինչպես հայտնի է, ԱՄՆ ու Իրանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել վերջին երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ: Նեթանյահուն Իրանի նախագահ Ռոուհանիի հայտարարությունն այն մասին, թե Իրանը ձգտում է քաղաքական կարգավորման համաշխարհային հանրության հետ, «ծխածածկույթ է» համարում ռազմական միջուկային ծրագիրը շարունակելու համար: Նա նշել է, որ դա Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները մեղմելու փորձ է:
ԱՄՆ մեկնելուց առաջ, որտեղ Օբամայի հետ հանդիպումից առաջ, նա հանդես է գալու Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ նստաշրջանում, Իսրայելի վարչապետը խոստացել է «ճշմարտությունը պատմել» Իրանի քաղաքականության մասին և փաստեր ներկայացնել, որոնք հիմնավորում են Իսրայելի թերահավատությունը:
«Հաարեցի» դիվանագիտկան թղթակից Բարաք Ռավիդը մեջբերում է իր Twitter-ում Նեթանյահուի օգնականների գրառումը, որոնք հայտնել են, որ Իսրայելի կառավարության ղեկավարը խնդրելու է Օբամային ոչ միայն չթուլացնել պատժամիջոցները բանակցությունների շրջանում, այլ նաև ուժգնացնել ճնշումն Իրանի հանդեպ: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Նեթանյահուն արգելել է իր նախարարներին հրապարակավ մեկնաբանել ամերիկա-իրանական հարաբերությունների թեման՝ ներառյալ Օբամայի ու Ռոուհանիի հեռախոսազրույցն ու ԱՄՆ նախագահի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել խաղաղ միջուկային ծրագիր ունենալու Իրանի իրավունքը:
Ակնկալվում է, որ Նեթանյահուի և Օբամայի բանակցությունների օրակարգը կներառի Սիրիայի խնդիրը, որը համաձայնվել է փոխանցել միջազգային հսկողությանն իր քիմիական արսենալները, և իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունների հեռանկարները, որոնք վերսկսվել են երկու ամիս առաջ ԱՄՆ միջնորդությամբ:
Մինչդեռ, ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ելույթ ունենալով CBS հեռուստաընկերության երեկոյան ծրագրում, հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար կարող է նույնիսկ 3-6 ամսից էլ քիչ պահանջվել: «Պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել նույնիսկ այդ ժամկետից շուտ՝ կախված Իրանի բաց լինելուց ու համագործակցելու տրամադրվածությունից»,-ասել է Քերին:
Նա հայտարարել է նաև, որ եթե Թեհրանը ապացուցի միջազգային հանրությանը, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, ապա «Իրանի հետ հարաբերությունները կարող են արմատապես բարելավվել: Եվ դա կարող է շատ արագ տեղի ունենալ»,-հավելել է Ջոն Քերին: «Իրանը պետք է անհապաղ պարզ ու համոզիչ գործողություններ ձեռնարկի, կատարելու համար միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության պահանջները»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցներին, ապա ԱՄՆ-ն չի վերացնի դրանք, քանի դեռ չի սկսվել միջուկային ծրագրի հետ կապված բաց ու թափանցիկ գործընթաց, և քանի դեռ պարզ չէ, թե ինչպես են իրանցիները մտադիր իրագործել դա», ասել է Քերին: «Եթե դա տեղի ունենա, ապա, անշուշտ, պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել»,-ասել է Ջոն Քերին:
ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը հայտնել էր, որ Ռոուհանիի հետ իր նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրանի միջուկային խնդրի կարգավորման ուղիները:
Մինչդեռ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել:
«Մենք կարծում ենք, որ դրանք այն բանակցությունները չեն, որոնք անցնելու են նախագահական մակարդակով: Մենք ակնկալում ենք, որ դրանք անցնելու են ԱԳ նախարարների մակարդակով՝ 5+1 ձևաչափով (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Գերմանիա), տեխնիկական փորձագետների մասնակցությամբ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Ըստ նրա, Օբաման տրամադրված է խթանելու երկխոսությունը:
Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղղությամբ, որը Թեհրան է վերադարձել ՄԱԿ ԳՎ նստաշրջանից, ցուցարարները հավկիթներ և կոշիկներ են նետել: Դա տեղի է ունեցել Թեհրանի օդանավակայանում, որտեղ հավաքվել էր Իրանի միջուկային հարցում Արևմուտքին զիջումների դեմ հանդես եկող մոտ 100 ցուցարար:
ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Դեռ 2002թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը դասեց Իրանը «չարիքի առանցքի» երկրների շարքին, որոնք ֆինանսավորում են ահաբեկիչներին ու ձգտում միջուկային զենք ստանալ: ԱՄՆ-ն փորձում է հասնել Իրանի միջազգային մեկուսացման:






