Թուրքական «Ռադիկալ» թերթն երեկ հայտնել է, որ երիտասարդները Թուրքիայի հարավային քաղաքներից մեկնում են Սիրիա պատերազմի՝ այդ երկրի կառավարության դեմ կռվելու նպատակով, հայտնում է «ԻՌՆԱ» գործակալությունը:
Ինչպես գրում է թերթը, «հարյուրավոր երիտասարդ թուրքեր են միացել Ասադի ռեժիմի դեմ պայքարող ծայրահեղական ահաբեկչական գործողություններին»: Ըստ տվյալների, Սիրիա է մեկնել 18-30 տարեկան մոտ 200 երիտասարդ: Ջիհադի և փող վաստակելու նպատակով թուրքական երիտասարդությունը միանում է Հալեպում և Դամասկոսում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» և «Ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումներին: Թուրքական թերթը գրում է նաև.
«Այդ երիտասարդներից ոմանց հայրերը մեկնել են Սիրիա՝ իրենց երեխաներին գտնելու նպատակով: Թուրքիայի սահմանամերձ քաղաքներում որոշ կազմակերպություններ, լվանալով երիտասարդների ուղեղները, ծայրահեղական գաղափարների քարոզչության, ծայրահեղական ֆիլմերի ցուցադրության միջոցով, կոչ են անում նրանց Սիրիայի կառավարության դեմ դուրս գալ պայքարի»:
Այն դեպքում, երբ հիմնական դերակատարները փորձում են կանխել ռազմական գործողությունը Սիրիայում, Թուրքիանպատերազմ սկսելու համարջանքեր է գործադրում: Այդպես, Թուրքիայի նախագահ Գյուլը հայտարարել էր, որ խնդիրները Սիրիայում չեն ավարտվի քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելուն պես: «Արևմուտքն ու ԱՄՆ-ն պետք է հասկանան, որ խնդիրները Սիրիայում չեն ավարտվի քիմիական զենքը միջազգային հանրությանը հանձնելուն պես: Գործուն մոտեցում է պահանջվում»,- ասել էր Թուրքիայի նախագահը:
Ըստ Vatan թերթի, հենց Թուրքիան է սիրիացի գրոհայիններին քիմիական զենքի բաղադրիչներ մատակարարել:
Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից:
ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմանը: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:
Ըստ ԱՄԿ տվյալների, շուրջ 100 հազար մարդ է զոհվել և 2 միլիոնը հեռացել է երկրից 2011թ. մարտին Ասադի դեմ ապստամբության մեկնարկից ի վեր:






