AM
1 Հոկտեմբեր 2013 - 10:16 AMT

Le Nouvel Observateur. Ֆրանսիական բանակը պատրաստ էր հարվածել Սիրիային՝ սպասում էին միայն Օբամայի հրահանգին

Ֆրանսիացի զինվորականները պատրաստ էին հարվածել Սիրիային: «Ռաֆալ» ինքնաթիռները պատրաստ էին թռիչքի, նշանակետերը որոշված էին, պատրաստ էր նաև մումալի համար հաղորդագրությունը: Սակայն վերջին պահին Ֆրանսուա Օլանդը ստիպված եղավ չեղյալ հայտարարել այդ ամենը, գրում է Le Nouvel Observateur-ի թղթակից Վենսան Ժովերը:

Այդ խելահեղ օրը սկսվեց օգոստոսի 31-ին՝ առավոտյան 3:00-ին, երբ Ֆրանսիայի նախագահի հերթապահ կապի սպային հեռաձայնեց նրա ամերիկացի գործընկերը և հայտնեց, որ Փարիզի ժամանակով 18:15-ին Օլանդին կզանգահարի Բարաք Օբաման, ասվում է հոդվածում:

Օլանդը չէր կասկածում, որ Սպիտակ տան ղեկավարը կհայտնի նրան Սիրիայի դեմ հարված հասցնելու որոշման մասին, ուստի որոշեց նրա հետ զրույցից հետո անմիջապես գումարել կառավարության նիստ նեղ կազմով: Ավարտին Ֆրանսիայի նախագահը մտադիր էր հրաման արձակել զինվորականներին գործողություն սկսելու մասին:

Ըստ ֆրանսիական բանակի շտաբի, սեպտեմբերի 1-ին մի քանի կործանիչներ պետք է հրթիռակոծեին ու ռմբակոծեին սիրիական ՀՕՊ ուժերը և 4-րդ «քիմիական» կորպուսի հրամանատարական կետերը: Ենթադրվում էր, որ օդաչուները գործելու են միջազգային ջրերի վրայի օդային տարածքից: «Մենք չէինք ուզում հարվածել թուրքական օդային տարածքից,-պատմել է պարբերականին ֆրանսիացի պաշտոնյաներից մեկը:-Մենք մտավախություն ունեինք, որ Ասադն ինքնապաշտպանության շրջանակներում կհարվածի հարևան պետություններին, իսկ դա կարող էր հակամարտության մեջ ներքաշել ՆԱՏՕ-ին»:

Միայն մեկ բարդություն կար. ֆրանսիական Scalp թևավոր հրթիռների գործողության շառավիղը 250 կմ է, հետևաբար, ֆրանսիացի օդաչուները կարող էին թիրախավորել միայն Սիրիայի արևելքում գտնվող օբյեկտները, այդ թվում Դամասկոսը: Մնացածան իրենց վրա պետք է վերցնեին ամերիկացիները: «Մենք կախված չէինք նրանցից, -վստահեցրել է աղբյուրը ՊՆ-ում:- Մենք միայն մեկ բան չէինք վերահսկում՝ ժամանակացույցը: Հրահանգը պետք է Օբաման տար»:

Ելիսեյան պալատում չէին կասկածում, որ Օբաման կտա նման հրահանգ: Ոչ ոք Ֆրանսիայում չէր կարող ենթադրել, որ 186 կոնգրեսականների նամակը կարող էր այդքան մեծ ազդեցություն ունենալ ԱՄՆ 44-րդ նախագահի վրա: «Ես որոշել եմ գործել,-ասել էր Օբաման իր ֆրանսիացի պաշտոնակցին հեռախոսազրույցի ժամանակ,-բայց սկզբից ես պետք է ստանամ Կոնգրեսի հավանությունը»: «Օլանդը տարակուսանքի մեջ էր,-գրում է հոդվածի հեղինակը:-Նա փորձեց համոզել ԱՄՆ նախագահին, բայց ապարդյուն»:

Այդ ժամանակ Ֆրանսիայի նախագահը հրամայեց ետ կանչել կործանիչներն ու հետաքրքվեց, թե երբ է հերթական բարենպաստ օրը: Ըստ համընդհանուր կարծիքի, դա սեպտեմբերի 15-ն էր, քանի որ Կոնգրեսում քվեարկության ու ՄԱԿ ԳՎ բացման միջև էր: «Հաջորդ շաբաթ կփակվի նաև այդ վերջին «պատուհանը» Պուտինի խորամանկ դիվանագիտական քայլից հետո»,-գրում է Ժովերը, հայտնում է inopressa.ru-ն:

Ինչպես ավելի ուշ խոստովանեցին Սպիտակ տանը, Ռուսաստանի նախաձեռնությունը քիմիական զենքի վերաբերյալ ետ մղեց Սիրիայի դեմ հարվածը երկրորդ պլան: Իր հեռուստաուղերձում ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայի քաղաքացիական պատերազմին: «Ես դեմ էի ռազմական գործողություններին, քանի որ մենք չենք կարող ուժի կիրառմաբ լուծել ուրիշների քաղաքացիական պատերազմը»,-ասել է Օբաման: Նա նշել է, որ Սիրիայի դեմ հարվածը, որով կկանխվի քիմիական զենքի կիրառումը, բխում է ԱՄՆ շահերից: «Մենք պետք է կասեցնենք քիմիական զենքի հետագա տարածումը»,-ասել է Օբաման: Ըստ նրա, ԱՄՆ-ն պետք է ազդանշան տա, որ չի հանդուրժի քիմիական զենքի կիրառումը: «Դա է իմ գնահատականը որպես գլխավոր հրամանատարի»,-ասել է նախագահը: Օբաման հաստատել է, որ Վաշինգտոնը չի կասկծում, որ Սիրիայի իշխանությունները մեղսակից են օգոստոսի 21-ի քիմիական գրոհին Դամասկոսի մոտ:

Ասադը պնդում է, որ քիմիական զենքը գրոհայիններն են կիրառել:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: