ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայի կառավարությանը թույլ տալ հումանիտար օգնության մուտքը երկրի տարածք՝ կոչ անելով Սիրիայում հակամարտության բոլոր կողմերին պայմանավորվել հումանիտար դադարի մասին և հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների առանցքային երթուղիների մասին, հայտնում է Al Jazeera-ն:
ՄԱԿ ԱԽ փաստաթուղթը կազմել է Ավստրալիայի ներկայացուցիչ Գերի Քուինլանը՝ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Սիլվի Լյուկի մասնակցությամբ: Այն կոչված է նպաստելու, որ 7 մլն սիրիացիների օգնություն ցուցաբերվի: Առանց հումանիտար օգնության «մի քանի միլիոն բնակիչների կյանքը սպառնալիքի տակ կհայտնվի», գտնում են հեղինակները:
Բացի այդ, փաստաթուղթը դատապարտում է «բռնությունը, որին դիմում են հակամարտության երկու կողմերը»: «Այս պահի դրությամբ միայն 12 միջազգային հումանիտար կազմակերպություններ են հավանություն ստացել Սիրիայի կառավարության կողմից երկրում աշխատելու համար, իսկ հումանիտար բեռներով բեռնատարները չեն կարողանում հաղթահարել տասնյակ հսկիչ-անցագրային կետերը», ասվում է ՄԱԿ փաստաթղթում:
Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:
ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Հոկտեմբերի 3-ին Սիրիայի հարցի շուրջ բանավեճ է սպասվում ԵԽԽՎ-ում:






