Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ կարող էր հանդիպել ԱՄՆ նախագահի հետ Նյու Յորքում, սակայն հանդիպման նախապատրաստման համար «ժամանակը չբավականացրեց»: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, նրա խոսքերը մեջբերել է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
Ինչպես նախօրեին հայտարարել է Իրանի նախագահը, դեռ ԱՄՆ ժամանելուց առաջ «ԱՄՆ պաշտոնյաները բազմիցս են դիմել Իրանի պատվիրակությանը՝ հորդորելով նախագահների անմիջական հանդիպում կազմակերպել ՄԱԿ շրջանակներում»: Այդ հանդիպումը ակնկալվում էր, հավելել է Ռոուհանին, սակայն խանգարեց ժամանակի պակասը:
Այնուամենայնիվ, երկու նախագահները շփվել են հեռախոսով, երբ Ռոուհանին արդեն ավտոմեքենայի մեջ էր ու շտապում էր օդանավակայան:
Ռոուհանին հերքել է մի շարք ԶԼՄ-ների տարածած այն հաղորդագրությունը, թե «Օբամայի հետ հանդիպելու նրա մերժումը նվաստացում էր ԱՄՆ վարչակազմի համար»: «Մենք խնդիրներ չունեինք այդ հարցում, բացակայում էր նախնական նախապատրաստումը»,-ասել է նա:
Չնայած, որ անձնական հանդիպումը չկայացավ, երկու նախագահների շփման փաստն ինքնին ամբողջ աշխարհում, ներառյալ Իրանն, անվանում են «պատմական բեկում» երկկողմ հարաբերություններում, որոնք պաշտոնապես բացակայում են արդեն 30 տարի:
Ասվում է նաև, որ Իրանի Քաղավիացիայի կազմակերպությունը սկսել է ուսումնասիրել Իրանի ու ԱՄՆ միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հարցը՝ Իրանի նախագահի հրահանգով:
Մինչդեռ, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ և Իրանի բանակցությունները միջուկային խնդրի շուրջ չեն շարունակվի նախագահների մակարդակով, չնայած ուրբաթ օրը Բարաք Օբաման ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույց են ունեցել:
Մի քանի տասնյակ երիտասարդ իսլամիստներ միացել են նախագահի հարյուրավոր կողմնակիցներին, որոնք հավաքվել էին Թեհրանի օդանավակայանում՝ դիմավորելով նրան Նյու Յորքից, որտեղ Իրանի նախագահը մասնակցում էր ՄԱԿ ԳՎ նստաշրջանին: Ինչպես ավելի վաղ էր հայտնի դարձել, երբ Ռոուհանին մոտեցել է դիմավորողներին, հանրության պահպանողական տրամադրված հատվածի կողմից նրա ուղղությամբ հավկիթներ ու կոշիկ են նետել:
ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում:






