Հայաստանի համար շահավետ է անդամակցել Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին, հաշվի առնելով նրա պատմականորեն ձևավորված առևտրային հարաբերությունները ՄՄ երկրների հետ, գտնում է Ռուսաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գեորգի Կալամանովը:
«Միշտ էլ շահավետ է ունենալ ազատ առևտրի տարրեր…Կան ազատ առևտրի գոտիներ, ազատ առևտրի ռեժիմներ, և կան պատմականորեն ձևավորված առևտրային հարաբերություններ, որոնք ամեն դեպքում շահավետ են պետության համար»,-հայտարարել է Կալամանովը լրագրողների հետ հանդիպմանը՝ Երևանում անցնող ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի շրջանակներում:
Կալամանովը նաև հերքել է այն պնդումները, թե անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը, կամ, որ Մաքսային միությունը ԽՍՀՄ «վերակենդանացված տարբերակն է»:
Ըստ նրա, ՄՄ-ում քննարկվում են միայն տնտեսական հարցեր, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր երկրից երեքական նախարարներ են անդամակցում հավասար իրավունքներով:
«Դա նույնիսկ անդրազգային մարմին չէ, դա այն մարմինն է, որը հետևում է համաձայնությունների կատարմանը, որ ստորագրվել են միասնական տնտեսական տարածքի շրջանակներում»,-հավելել է փոխնախարարը, հայտնում է «ԱՌԿԱ»-ն:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիան», Երևանում կայացած նիստում Կալամանովն ընտրվել է հանձնաժողովի նախագահ: Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի հայկական մասի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանը: «Նիստի օրակարգի հիմնական մասը, կազմված 14 հարցերից, ուղղված էր հետագա ռազմատեխնիկական ու ռազմատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացմանը»,-հայտարարել է Բադալյանն ամփոփիչ մամլո ասուլիսում:
Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, ասել է, որ ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Պատասխանելով այն հարցին, թե ինչ առաջարկ է արել Ռուսաստանը, որը ՀՀ-ն չէր կարող մերժել՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը չի շեղվել իր ճանապարհից: «Մաքսային միությունը միայն Ռուսաստանը չէ, դա մի քանի երկրների միություն է»,-հավելել է նա:
ԵՄ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր սառեց, երբ սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:
Ավելի ուշ Երևանում Եվրամիության ընդլայնման ու հարևանության հարցերի գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: Պատասխանելով նոր փաստաթղթի նախապատրաստման հնարավորության մասին հարցին՝ Ֆյուլեն ասաց, որ այդպիսի լուրջ փաստաթուղթ հնարավոր չէ նախապատրաստել մինչ Վիլնյուսի գագաթաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին: Այնուամենայնիվ, նա հավելեց, որ ԵՄ-ն չի հրաժարվում է Հայաստանի հետ հետագա համագործակցությունից:
Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:
Անցած շաբաթ Եվրամիության ղեկավարները նաև դատապարտեցին այն ճնշումը, որն, ըստ իրենց, Մոսկվան գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել կապերը ԵՄ հետ: