AM
13 January 2003 - 18:26 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՐՑԸ ԱՐԴԵՆ ԼՈՒԾՎԱԾ Է

Հայաստանի ԱԷԿ-ի վերաբեռնավորման համար Ռուսաստանից միջուկային վառելիքի նոր խմբաքանակի մատակարարման խնդիրը, սկզբունքորեն, լուծված է: Այդ մասին լրագրողներին էհայտարարել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, համապատասխան բանակցությունները «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության հետ հաջող են ավարտվել: Ձեռք է բերվել պայմանավորվածություն վառելիքի նոր խմբաքանակի դիմաց մասամբ էլեկտրաէներգիայի մատակարարումներով եւ մասամբ կանխիկ վճարելու շուրջ: Նախարարը հաղորդել է, որ մոտավորապես ապրիլի վերջին Հայաստան կբերվի 11 մլն դոլար ընդհանուր գումարի միջուկային վառելիքի 102 կասետ: Ռեակտորի բեռնավորումը կսկսվի, ենթադրաբար, ամռան սկզբին, երբ ՀԱԷԿ-ը կկանգնեցվի հերթական պրոֆիլակտիկ վերանորոգման: Կայանի բեռնավորումը թույլ կտա անխափան էլեկտրամատակարարում ապահովել 300 օրվա ընթացքում: