AM
7 Հոկտեմբեր 2013 - 07:49 AMT

Սիրիան արդեն ոչնչացրել է քիմիական զենքի մի մասը

Կիրակի օրը սիրիացիները ոչնչացրեցին քիմիական զենքի արսենալի մեծ մասը Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ, հայտնում է ՄԱԿ մամլո ծառայությունը:

«Սիրիացի մասնագետները ոչնչացրեցին և ապաակտիվացրեցին զինամթերքի մեծ մասը, այդ թվում մարտագլխիկներ, ավիառումբեր, և խառնելու ու լիցքավորման համար նախատեսված սարքավորումներ»,-ասվում է հայտարարության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ արսենալների ոչնչացման գործընթացը կշարունակվի նաև հաջորդ օրերին: Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը, Քիմիական զենքի արգելման կազմակերպության վրա հղումով հայտնել էր, որ ՄԱԿ և Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչները «այցելել են օբյեկտը, որտեղ սկսել են տեսչությունն ու քիմիական արսենալի ոչնչացումը»: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նախկինում հայտարարել էր, որ ՔԶԱԿ-ը կսկսի քիմիական զենքի ստուգումները հոկտեմբերի 7-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

33 մարդուց բաղկացած խումբը ժամանել է Սիրիա անցած երեքշաբթի, թիմի անդամները ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ուզբեկստանի, Չինաստանի, Կանադայի, Նիդերլանդների, Թունիսի քաղաքացիներ են: Ըստ սիրիական ԱԳՆ ներկայացուցչի, որը փորձագետներին դիմավորել է Լիբանանի ու Սիրիայի սահմանին, ցուցակներում կա նաև մեկ ռուսաստանցու անուն: Դամասկոս ժամանելուն պես խումբը «լոգիստիկ բազա է սահմանել աշխատանքն անհապաղ սկսելու համար», ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ մամլո ծառայությունը:

Ավելի վաղ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է քիմիական զենքի ոչնչացման պլանը, որի համաձայն տեսչությունը պետք է սկսվեր ոչ ուշ, քան հոկտեմբերի 1-ին: 30 օրվա ընթացքում փորձագետները պետք է ուսումնասիրեն իշխանությունների հայտագրված բոլոր վայրերն ու սեղմ ժամկետներում այցելեն այլ օբյեկտներ, որոնք կարող է նշել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Քիմիական զենքի արտադրության համար նախատեսված սարքավորումները նախատեսվում է ոչնչացնել մինչև 2013 թվականի նոյեմբերի ավարտը, իսկ բոլոր քիմիական արսենալները՝ 2014 թվականի առաջին կեսին:

Մոսկվան առաջարկել էր Դամասկոսին քիմիական զենքի հանդեպ միջազգային հսկողություն սահմանել, ինչին Սիրիան արդեն համաձայնվել է: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին:

Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ: