AM
19 July 2003 - 14:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԲԱՔՎԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդումը, թե իբր օրերս հայկական ստորաբաժանումները հարձակման փորձ են ձեռնարկել Նախիջեւանի պահակակետերի վրա: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ փոխհրաձգության եւ ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին հաղորդումներն իրականությանը չեն համապատասխանում: Մինչդեռ երեկ Բաքվի ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաղորդել են, որ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են ադրբեջանական բանակի պահակակետերը Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շախբուզի շրջանում: Փոխհրաձգության արդյունքում, որն, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը, տեւել է մոտ մեկ ժամ, զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, եւս մեկը` վիրավորվել: Դրանից մեկ ժամ անց, ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են Ֆիզուլիի շրջանի ադրբեջանական պահակակետերը: