AM
13 January 2003 - 15:54 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵԱՀԿ ՀԱՋՈՐԴ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂԴԱՄԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հաշվի առնելով, որ վերջերս տեղի ունեցած միջադեպը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման կետում կայացել է Աղդամի ուղղությունում, ԵԱՀԿ հաջորդ դիտարկումը կանցկացվի հենց այնտեղ: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրա խոսքերով, ներկայումս ճշտվում է դիտարկման անցկացման ժամանակը: Դիվանագետը հաստատել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորի գերեվարման փաստը: Նա հաղորդել է, որ զինվորը վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում, որտեղ նա բուժվում է: ԵԱՀԿ ներկայացուցիչը չի բացառել, որ իր դաշտային օգնականներից մեկը կկարողանա այցելել վիրավորին հոսպիտալում: Բացի այդ, ջանքեր են գործադրվում նրա Ադրբեջան շուտափույթ վերադառնալու ուղղությամբ, ասել է Կասպրշիկը: Հիշեցնենք, որ հունվարի 8-ին ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբը, խախտելով ԼՂՀ պաշտպանական սահմանները, փորձել է խորանալ Ղարաբաղի տարածք: ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում, ադրբեջանցի զինծառայողներից մեկը վիրավորվել է եւ գերի վերցվել: Մնացած դիվերսանտները փախել են սահմանակից տարածք: