ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը մտադիր էին արտահերթ հանդիպում անցկացնել երկու կուսակցություններից Կոնգրեսի առաջնորդների հետ՝ փորձելով համաձայնության հասնել պետպարտքի վերին շեմի բարձրացման հարցում: Հանդիպմանը պետք է մասնակցեին ժողովրդավարների ու հանրապետականների խմբակցությունների ղեկավարները՝ ինչպես Սենատում, այնպես էլ Ներկայացուցիչների պալատում:
Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար երկուշաբթի երեկոյան, հետաձգվել է, ժամանակ տալու համար Սենատի առաջնորդներին շարունակել առաջխաղացումը փոխզիջումային լուծում գտնելու ճանապարհին: Հանդիպման նոր ժամկետի մասին դեռ չի հայտարարվել, հայտնում է BBC-ին:
Կիրակի օրն ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդները երկու կուսակցություններից հերթական անգամ չկարողացան փոխզիջման հասնել՝ չնայած բորսայական ինդեքսների հետագա անկման վտանգին երկուշաբի ֆոնդային բորսաների բացվելուն պես: Սենատում կայանալիք բանակցությունները դեֆոլտը կանխելու վերջին հնարավորությունն են այն բանից հետո, երբ անցած շաբաթ ձախողվեցին Սպիտակ տան ու Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդների բանակցությունները:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արտակարգ միջոցների է դիմում պետպարտքի սպասարկման համար այն բանից ի վեր, երբ ընթացիկ տարվա մայիսին նշվեց համաձայնեցված վերին շեմը: Ֆինանսների նախարար Ջեկ Լյուն զգուշացրեց, որ արտակարգ միջոցները կսպառվեն հոկտեմբերի 17-ին:
Մինչդեռ ձայներ են լսվում, որոնք զգուշացնում են, որ դեֆոլտն ԱՄՆ-ում անկանխատեսելի հետևանքներ կունենա մնացած աշխարհի համար: ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը հայտարարել է, որ վստահության նվազումը ԱՄՆ պարտավորությունների հանդեպ, լուրջ խնդիրներ կառաջացնի ֆինանսական աշխարհում: Ավելի վաղ Կոնգրեսն ու Օբաման չկարողացան համաձայնության գալ նաև դաշնային իշխանական մարմինների մասնակի փակման հարցում, որոնք չեն աշխատում արդեն երրորդ շաբաթ:






