Տարբեր տեսակի ցնցումների ժամանակ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են պետության ու նրա մայրաքաղաքի նորմալ կյանքին, ջրի երես են դուրս գալիս ամենատարբեր ու երբեմն նույնիսկ անհեթեթ պլաններ, որոնք ուղղված են իրավիճակի շտկմանը: Ընդ որում յուրաքանչյուրն աշխատում է ուժերի ներածին չափով, նույնիսկ չմտածելով անհեթեթության կամ օգտակարության մասին: Բիրյուլովոյի ողբերգական իրադարձություններից հետո Ռուսաստանում ի հայտ եկավ «Կոտորիր կովկասցիներին» կարգախոսը՝ փոխարինելով ոչ պակաս զզվելի «Կոտորիր հրեաներին, փրկիր Ռուսաստանը» կարգախոսը: Ազգայնականներն առաջին հերթին լավ կլինի փրկեն Ռուսաստանը հենց իրենցից, այն ահավոր վիճակից, որի մեջ խրված է երկիրը: Արտաքին թշնամու որոնումը թույլ պետությունների ճակատագիրն է և Ռուսաստանն այստեղ բացառություն չէ: Վերջին «փրկության» գաղափարը եկավ բլոգերներից ու ռունետի օգտատերերից: Նրանք կազմել են ՌԴ ԱԳՆ կովկասցի դիվանագետների «սև ցուցակը» և լրջորեն առաջարկում են վտարել նրանց համակարգից: Օգտատերերը վրդովված են, որ կովկասցիները «գրավել են» ոչ միայն ռուսական շուկաները, այլ նաև գերատեսչությունները, հատկապես ԱԳՆ-ն: Բլոգերները ԱԳՆ-ում 35 «կովկասցի» պաշտոնյա են «գտել», որոնք մեղավոր են Ռուսաստանի բոլոր «ողբերգությունների համար»: Իսկ եթե հաշվենք բոլոր նախարարությունները, ներառյալ Գիտությունների ակադեմիան, գիտական ինստիտուտները, ապա «հսկայական թիվ» կստացվի, որը խանգարում է ապրել մոտ 100 մլն «իսկական ռուս հայրենասերներին»: Ներգաղթյալներին բոլոր մեղքերի մեջ մեղադրելու փոխարեն կարելի է սկսել ավլել սեփական փողոցները, աշխատել շինարարության վրա և ռեստորաններում՝ չբարդելով այդ անշնորհակալ ու ծանր աշխատանքը տաջիկների, ուզբեկների ու հետխորհրդային մյուս երկրների բնակիչների վրա:
Ինչ վերաբերում է ԱԳՆ աշխատակիցներին, ապա բոլոր նրանք բնիկ մոսկվաբնակներ են և ով-ով՝ բլոգերները չէ, որ պետք է որոշեն, թե ով և որտեղ պետք է աշխատի: Ցանկացած պետության արտաքին քաղաքականությունը շահարկումների առարկա չէ և առավել ևս հարթակ չէ հաշվեհարդարի համար, որի պատճառը նույնսիկ օրենքի անկատարությունը չէ, այլ ավելի շուտ միգրացիայի մասին օրենքի չկատարումը: Օրենքները կան և վատ օրենքներ չեն, սակայն եթե միգրանտը հստակ գիտի, որ որոշակի « դրամավճարի» դիմաց ոստիկանությունն աչք կփակի Մոսկվայում, ինչու ոչ՝ ողջ Ռուսաստանում, նրա ներկայության վրա, ապա նրա համար ավելի հեշտ է «վճարել», քան կաբինետներով շրջել: Տանջանքը շատ է, իսկ վճարել միևնույն է պետք է: Եվ եթե բլոգերներն այդքան մտահոգ են սեփական պետության ճակատագրով, ապա ավելի լավ կլինի, որ նրանք սոցցանցերն անհեթեթ առաջարկություններով չլցնեն: Թե չէ կկարդան, ինչ-որ մեկը կարող է լուրջ ընդունել ու կփորձի ջախջախել ԱԳՆ-ն: Իսկ եթե հաշվի առնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ինքն էլ ծնունդով Թբիլիսիից է, ապա նույնիսկ սարսափելի է մտածել, թե ինչ է սպասում սոցցանցերի պարզամիտ ու անխելք օգտատերերին:
Մյուս կողմից, նման նախաձեռնություններին պետք չէ շատ լուրջ վերաբերվել, թեև հենց սոցցանցերը հրահրեցին «Արաբական գարունը»: Մնում է միայն խորհուրդ տալ. մտածիր, հետո՝ խոսիր կամ գրիր: Ուղղակի հետաքրքիր է, թե որքան կտևի միգրանտների դեմ ուղղված հիստերիան՝ մինչ հաջորդ սպանությունը, թե «գործը փակելու» ոչ հրապարակավ կարգադրությունը:






