Բաքվում հիստերիա է բարձրացել մոսկովյան Բիրյուլովոյում սպանության կասկածանքով ձերբակալված Օրհան Զեյնալովի ձերբակալության պատճառով: Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի դիվանագիտական բոլոր նորմերից դուրս հայտարարությունից հետո Ադրբեջանի միլի մեջլիսը հոկտեմբերի 22-ին նիստ կգումարի, որտեղ կքննարկվի «Մոսկվայում վերջին իրադարձությունների հարցը»:
Ադրբեջանը, կարծես, գտնում է, որ իր Ռուսաստանում քաղաքացիներին չեն կարող ձերբակալել, քանի որ դա կանդրադառնա և բուն Ռուսաստանի, և Բաքվում ապրող ռուսների վրա: Ոչ մի նոր բան՝ շանտաժ, սպառնալիքներ, մեղավորին արդարացնելու փորձեր: Ճիշտ է, Զեյնալովի մեղքի աստիճանը, այս դեպքում, կորոշի դատարանը, իսկ մինչ այդ պաշտոնական Բաքվի ցանկացած նախաձեռնություն միայն դատարկ հայտարարություն է:
Ռուսաստան-Ադրբեջան խորհրդարանական խմբի ղեկավար Ֆազիլ Մուստաֆան կարծում է, որ Զեյնալովն Ադրբեջանի դեմ «դավադրության» զոհ է: Հետաքրքիր է ստացվում՝ մարդը 10 տարի է՝ ապրում է Մոսկվայում, զգաղվում չգիտես ինչով, ռուս տղայի սպանում, բացատրելով դա ինքնապաշտպանությամբ, իսկ Բաքվում նրան եթե ոչ հերոս, ապա գոնե անարդարացիորեն տուժած են համարում: Նույն Ֆազիլ Մուստաֆան վստահ է, որ խոսքը մի բեմականացման մասին է, որը նախապես է պատրաստվել որոշակի շրջանակների քաղաքականության արդյունքում:
Անտարբեր չմնաց նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն, որը դատապարտեց ադրբեջանցի Զեյնալովի գործում Ռուսաստանի վարքագիծը: Իր «սև ցուցակներով» ու հակահայկական հայտարարություններով լավ հայտնի Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է, որ «կոպիտ վերաբերմունքը Զեյնալովի հանդիպ և այն, որ մինչ դատը նրան հանցագործ են անվանում, խախտում է անմեղության կանխավարկածը»: Բայդ ում է կոնկրետ հասցեագրված այդ հանդիմանանքը, չի ասվում:
Դե իսկ Ադրբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ) Ակիֆ Նագիի գլխավորությամբ սպառնացել է երկրի ռուս բնակչության ջարդերով, եթե Ռուսաստանում չդադարեն հարձակումներն ադրբեջանցիների վրա: ՂԱԿ-ը, ի դեպ, մոտ է կառավարամետ շրջանակներին և հայտնի է իր արտառոց արարքներով:
Զեյնալովի հետ կապված դեպքը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ադրբեջանն անհանդուրժող է ոչ միայն հայերի, այլև ռուսների հանդեպ՝ համարելով նրանց «ինքնիշխան Ադրբեջանի թշնամիները»: Ամենահետաքրքիրն այն է, որ Բաքվում դեռ չեն խոսում ռուս տղայի սպանության «հայկական հետքի» մասին: Բայց դե ամեն ինչ առջևում է. Բաքվում ստորագրահավաք կսկսեն, Ադրբեջանում ռուսական համայնքի ղեկավար Միխայիլ Զաբելինին կստիպեն հանդես գալ և Ռուսաստանի, և Հայաստանի՝ որպես Մոսկվային սատարողի, դեմ: Դրան կհաջորդեն «մտավորականության», նավթագործների ու այլոց նամակները: Ի՞նչ կարող էլ Հեյդար Ալիևը իր որդուն սովորեցնել, եթե ոչ վարվել ըստ ՊԱԿ լավագույն ավանդույթների: Բանն այն չէ, որ հիմա 2013 թվականն է, ոչ թե 1937-ը՝ համակարգն անմահ է: Ահա և կրտսեր Ալիևը, Ադրբեջանի արդեն ցմահ նախագահը կվարվի այնպես, ինչպես հայրը՝ ահաբեկելով, շանտաժի ենթարկելով և…կաշառք բաժանելով: Առանց դրա չի ստացվի: Մեծ փողերի դիմաց Զեյնալովին կարող են անգամ Բաքու ուղարկել, որտեղ նրան, անշուշտ, որպես հերոսի կդիմավորեն, ինչպես ռուսաստանաբնակ մի Ռամիլ Սաֆարովի:
Գլխավոր գաղափարագետ Ալի Հասանովի խոսքերով, «դատավարությունը չպետք է սահմանափակի այդ երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների, այլ ժողովրդների ներկայացուցիչների իրավունքները, որոնք այդ երկրում զբաղվում են օրինական աշխատանքային գործունեությամբ, չպետք է նրանց հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորի»: Բայց մանրուքներն են խանգարում՝ Զեյնալովը չուներ բնակվելու թույլտվություն, նա զբաղվում էր ապօրինի աշխատանքային գործունեությամբ և ոչ մի իրավունք էլ չուներ, մեկից բացի՝ լուռ ու մունջ նստել ու աչքի չընկնել: Իսկ նա դանակով էր շրջում Մոսկվայում…
Եվ կրկին Ադրբեջանի ԱԳՆ նոտայի մասին: Ինչպես գրում է ostkraft.ru-ն, Ադրբեջանում ռուսների ճակատագիրը շանտաժի առարկա դարձնելու համար ներողություն և բացատրություններ ՌԴ ԱԳՆ-ն չի պահանջել: Հավանաբար, չի էլ պահանջի: ՌԴ ԱԳՆ-ն ուղղակի կսպասի պաշտոնական նոտայի ու սեղմ հաղորդագրությամբ հանդես կգա, որ հյուպատոսական աջակցություն Ադրբեջանի քաղաքացուն տրամադրվել է, իսկ նրա իրավունքները պահպանվում են համաձայն բոլոր կոնվենցիաների ու համաձայնագրերի: Իսկ հետո, հավանաբար, «բազմազգ ու բազմադավան Ռուսաստանի» իշխանություններն ուղղակի լուռ կհետևեն ՌԴ հանդեպ ոչ այնքան բարեկամական երկրի դեսպանի «խիստ, բայց արդարացի» հրահանգներին: Իսկ եթե ազգայնամոլներին պատժեն, իսկ Զեյնալովին արտահանձնեն Ադրբեջանին, Բաքուն գուցե դրանից հետո ցանկանա անդամակցել «բազմազգ ու բազմադավան» Եվրասիական միությանը, անշուշտ, որպես ադրբեջանցիների ազգային պետություն:






