AM
22 Հոկտեմբեր 2013 - 10:32 AMT

Ադրբեջանցիները Ռուսաստանից հայրենիք են փախչում

Այսօր սկսվել է միգրանտների վերադարձը Ռուսաստանից Ադրբեջան: «Հարյուրավոր ներգաղթյալներ, վտանգ զգալով ապագայի համար, որոշել են վերադառնալ պատմական հայրենիք»,-գրում է Haqqin.az-ը:

Մեկնաբանելով ANS TV-ին տված հարցազրույցում ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջանի միլի մեջլիսի տնտեսական քաղաքականության կոմիտեի անդամ Վահիդ Ահմեդովն ասել է, որ երկրի կառավարությունը կանխատեսում է մինչև կես միլիոն ադրբեջանցիների վերադարձը, որոնք այժմ Ռուսաստանում են բնակվում:

Ըստ տարբեր տվյալների Ռուսաստանում այժմ բնակվում է 1-2 մլն ադրբեջանցի, որոշ վերլուծաբաններ կրկնակի թվեր են նշում: Վերջին բախումներն ազգային հողի վրա տեղի ունեցան Մոսկվայում այն բանից հետո, երբ հոկտեմբերի լույս 10-ի գիշերը սպանվեց Բիրյուլովոյի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Բերման է ենթարկվեց 400 մարդ: Երեքշաբթի պարզվեց այդ գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովի անձը:Նրան ձերբակալեցին հոկտեմբերի 15-ին մերձմոսկովյան Կոլոմնայում:

Ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրել է: Ավելի ուշ, օպերատիվ աշխատակիցների հետ զրույցում նա խոստովանել էր իր մեղքը՝ ասելով, թե ինքն է դանակով հարվածել Եգոր Շչերբակովին:

ՌԴ իրավապահ մարմինները հայտարարել են, որ Զեյնալովը չունի ՌԴ քաղաքացիություն: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի, չարաշահում է ալկոհոլային խմիչքները, բռնկուն է, ագրեսիվ, մշտական աշխատանք չունի:

Ավելի ուշ Զեյնալովը հրաժարվեց խոստովանական ցուցմունքներից: .